Կոմերցիոն անշարժ գույքի գները Թբիլիսիում

TBC Capital-ի տվյալներով` կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների վերացումը, միջազգային սահմանների վերաբացումը և արագացված միգրացիան նպաստել են Վրաստանում տնտեսական աճին և հատկապես բարելավել են գործարար ակտիվությունը:

Ըստ TBC Capital-ի՝ Թբիլիսիի մանրածախ և մթերային խանութներում շարժունակությունը գերազանցել է մինչհամաճարակային մակարդակը, մանրածախի աճը կազմում է 2 տոկոս, մթերային ապրանքներում՝ 35 տոկոս, իսկ աշխատատեղերում շարժունակությունը շարունակում է ցածր մնալ մինչհամաճարակային ցուցանիշից։

TBC Capital-ի տվյալներով՝ Թբիլիսիի փողոցային մանրածախ առևտրում 2022 թվականի 11 ամսում վարձակալության միջին փաստացի գինն աճել է 7 տոկոսով և հասել 17,4 դոլարի` մեկ քառակուսի մետրի համար։ 2022 թվականի նոյեմբերին Թբիլիսիի փողոցային մանրածախ առևտրի միջին փաստացի վարձավճարը կազմել է 18,1 դոլար՝ մեկ քառակուսի մետրի համար։

«Թբիլիսիի առևտրի կենտրոններում վարձակալության փաստացի գները 5 տոկոսով գերազանցել են մինչհամաճարակային մակարդակը։ Թբիլիսիի առևտրի կենտրոններում ազատ տարածքների միջին ցուցանիշը 2022 թվականի նոյեմբերին կազմել է 11,2 տոկոս: Այնուամենայնիվ, առևտրի կենտրոնների միջև զգալիորեն տատանվել է և դրանցից մի քանիսում հասել է 40 տոկոս»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Թբիլիսիի բիզնես կենտրոններում վարձակալության միջին փաստացի գինն աճել է 7 տոկոսով և կազմել 19,3 դոլար։ Դա 3 տոկոսով բարձր է եղել մինչհամաճարակային մակարդակից։ Զբաղվածության բարելավումը հատկապես նկատելի է A դասի բիզնես կենտրոններում, որտեղ ազատ տարածքների թիվը նվազել է մինչև 7 տոկոս: Միաժամանակ B կարգի բիզնես կենտրոնների պահանջարկը վերականգնվում է ավելի դանդաղ տեմպերով: