Կորոնավիրուսային ծանր իրավիճակ է Աբխազիայում և Հվ. Օսիայում

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարության օպերատիվ շտաբը հաստատել է կորոնավիրուսային վարակի ևս 226 դեպքի մասին՝ 836 թեստերից: 

Աբխազիայում համաճարակային իրավիճակի վատթարացման նոր ալիքը սկսվել է մի քանի շաբաթ առաջ: Վարակի դեպքերն աճել են նաև երեխաների շրջանում: Վերջերս կորոնավիրուս է հաստատվել ավելի քան 250 դեռահասի մոտ: 

Անցյալ շաբաթվա վերջին հատուկ նիստի ժամանակ վարչապետ Ալեքսանդր Անկվաբը հայտարարել է, որ կորոնոավիրուսի սրընթաց տարածման պատճառը խիստ սահմանափակումների չեղարկումն է, կրկին բազմամարդ հարսանիքների և այլ միջոցառումների անցկացումը՝ օրինակ բերելով սեպտեմբերի վերջին նշված «Հաղթանակի օրը», երբ միջոցառման են բերվել դպրոցական երեխաներին, իսկ սրճարաններն ու ռեստորանները գերհագեցած են եղել: Նա սպառնացել է փակել սննդի կետերը: 

Աբխազիայում 2020 թվականի գարնանից ի վեր գրանցվել է կորոնավիրուսային վարակի 30 198 և 434 մահվան դեպք: Ըստ չհաստատված տվյալների, Աբխազիայում ապրում է մոտ 240 հազար մարդ: 

Համաճարակային իրավիճակը վատթարացել է նաև Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում: Ցխինվալիի դե ֆակտո կառավարությունը երկու շաբաթով փակել է ուսումնական հաստատություններն ու արգելել արձակուրդները մինչև դեկտեմբեր: Հոկտեմբերի 19-ին հաստատվել է վարակի 88 նոր դեպք: Ըստ առկա տվյալների, Հվ. Օսիայում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակի 7 678 դեպք, որից 123 մարդ մահացել է: Չհաստատված տվյալների համաձայն, Ցխինվալիի շրջանում ապրում է ավելի քան 53 հազար քաղաքացի:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր