Կրակել են Դմանիսիի նախկին քաղաքապետի վրա

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Դմանիսի քաղաքի նախկին քաղաքապետ Գիորգի Տատուաշվիլիի խոսքով, իր ուղղությամբ հինգ անգամ կրակել են։ Ըստ նրա՝ հարձակումը կապված է 2020-2021 թվականների և այժմյան իր քաղաքական գործունեության հետ։

«Հինգ կրակոց է եղել, Թբիլիսիից գնում էի Դմանիսի։ Ես թիկունքումս «պոչ» ունեի և հասկացա, թե ինչ է լինելու։ Հավանաբար, հարձակվողները «Վրացական երազանքի» համակիրներ են», — «Ֆորմուլա» հեռուստաընկերությանն ասել է Տատուաշվիլին:

Նախկին քաղաքապետը նշել է, որ կրակոցների հետևանքով մեքենայի անվադողը ծակվել է, մեկ փամփուշտ խրվել է վարորդի նստարանին, որտեղ ինքը նստած է եղել. «Տեսագրիչով երևում է, ամեն ինչ ձայնագրված է»:

Փաստի առթիվ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 236-րդ և 187-րդ հոդվածներով` ուրիշի գույքի վնասում և ապօրինի հրազենի ձեռքբերում:

Ի դեպ, Տատուաշվիլին Դմանիսիի քաղաքապետ է ընտրվել 2017 թվականին որպես «Վրացական երազանք»-ի թեկնածու, եղել է նաև «Վրացական երազանք»-ի Դմանիսիի շրջանային գրասենյակի նախագահը։ 2020 թվականի օգոստոսին Տատուաշվիլին հեռացվել է իշխող կուսակցությունից։ Մինչ այդ նա իր աջակցությունն էր հայտնել խորհրդարանական մեծամասնությանը լքած և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» դաշինքին միացած պատգամավոր Կախա Օքրիաշվիլիին, 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում Տատուաշվիլին Դմանիսիի «ՄԱՇ-Իշխանությունը միասնության մեջ» կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր։

ՄԱՇ նախագահ Լևան Խաբեիշվիլին Տատուաշվիլիի վրա հարձակմանն արձագանքել է հայտարարությամբ, որը նաև կապում է Տատուաշվիլիի քաղաքական գործունեության հետ։ «Դմանիսիի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր Գիորգի Տատուաշվիլին հարձակման է ենթարկվել ռուսական կուսակցության բանդայի կողմից, որը մտադրվել է ֆիզիկապես վերացնել նրան»,- ասել է ՄԱՇ նախագահը:

Ընդդիմադիր կուսակցության նախագահը որպես հարձակման կազմակերպիչներ նշել է կոնկրետ անձանց. «Օկմելաշվիլին և Մենաբդիշվիլին այս հանցավոր խմբի «բոսսերն» են, 2020 և 2021 թվականներին նույն հանցավոր գործողություններով նրանք կատարել են ռուսական կողմի պատվերը։

Այս ավազակախումբը կարծես թե սկսում է գործել 2024 թվականի համար և կրկնում է ռուսական կողմի գլխավոր «մեսիջը»՝ պատժել բոլորին, ովքեր այլ կերպ են մտածում և չեն համապատասխանում Ռուսաստանի դավաճանական քաղաքականությանը»: