Կուսակցությունների հանդեպ անվստահությունը պետք է «սառը ցնցուղ» լինի. քննարկում են վերլուծաբանները

Վրաստանի բնակչության գրեթե 70 տոկոսը չի վստահում երկրում գործող քաղաքական կուսակցություններից և ոչ մեկին, ինչը վկայում է քաղաքական դաշտի հանդեպ քաղաքացիների «անվստահության» բազմապատկումը: Հետևաբար, քաղաքացիները չեն հավանում այն կառավարման ձևը, որն ընտրել են նախկին և ներկա կառավարող ուժերը: Այս հարցումը պետք է «սառը ցնցուղ» լինի քաղաքական կուսակցությունների համար: Այս տեսակետն են հայտնում վրացի վերլուծաբանները՝ ամփոփելով «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոնի» (CRRC) հրապարակած հարցման արդյունքները:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության համար NDI-ի հարցման արդյունքերով ստացած 25 տոկոսն ավելի ցավալի արդյունք է, քան ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ստացած 6-ը:

Ըստ Զաքարեիշվիլիի, եթե  ՄԱՇ-ի նախագահի ընտրություններն անցկացվեին դեկտեմբերին, որից հետո այս հարցումները ձեռնարկվեին, ապա ՄԱՇ-ի վստահության տոկոսն ավելի ցածր կլիներ: Սակայն, ըստ կոնֆլիկտաբանի, սա այդքան մտահոգիչ չէ, քանի որ երկրի կառավարման ղեկը և ապագան ՄԱՇ-ի ձեռքում չեն:

«Իշխող կուսակցության համար 25 տոկոս վստահությունը ողբերգություն է. ստացվում է` քաղաքացիների 75 տոկոսը ոչ մի սպասելիք չունի իշխող կուսակցությունից: Հետևաբար, նրանք ավելի շատ պետք է աշխատեն՝ քաղաքացիների շրջանում վստահության վերականգնման համար»,- ասաց Զաքարեիշվիլին:

Նրա խոսքով, հասարակության մեջ այս թերահավատությունը իշխող կուսակցության նկատմամբ ձևավորվել է նրանց վարած քաղաքականության և հռետորաբանության հետևանքով, մասնավորապես՝ «պատերա՞զմ եք ուզում, թե՝ ոչ». ըստ՝ կոնֆլիկտաբանի` նման հռետորաբանությունը, մեղմ ասած, «չի աշխատում»:

«Յուրաքանչյուր իշխող ուժ ունի մոտ 20 տոկոս վարչական ռեսուրս. դրանք են պետական ոլորտի ցանկացած աշխատող անձ, տեղական ինքնակառավարման ոլորտում աշխատող ցանկացած անձ, ոստիկան, այս ոլորտներում աշխատողների ընտանիքների անդամները և այլք. ահա թե ինչպես է ձևավորվել այդ 25 տոկոսը»,- նկատեց Զաքարեիշվիլին:

RealPolitika կայքի հիմնադիր, քաղաքագետ Զազա Աբաշիձեի կարծիքով, որոշ բացառություններով, սակայն, այսօրվա վրացի ընդդիմադիրին բնորոշ են հետևյալ հատկանիշները՝ անգրագիտություն, ժամանակակից միտումներից անտեղյակություն, իրական խնդիրների վրա աչք փակել և այլն: Ըստ Աբաշիձեի՝ NDI-ի հարցման արդյունքները միանգամայն տրամաբանական են։

«Չնայած ցավալի պատկերին, ես հավատում եմ, որ եթե դեպի ճիշտ ուղի անցում կատարվի, ապա ճանապարհը «կբացվի» այնքան, որքան որ հիմա փակ է:

Անհնար է փոխել կառավարման ընթացքը` հենվելով միայն արտաքին քաղաքականությանը, փոփոխությունների համար անհրաժեշտ են սոցիալական, տնտեսական, պաշտպանական և, առհասարակ, բիզնես ուղղվածություն դեպի ապագա»,- նշեց Աբաշիձեն:

Նրա խոսքով, NDI-ի հարցման արդյունքները պետք է «սառը ցնցուղ» լինեն, այլ ոչ թե «ինքնասպանության» պատճառ:

Նշենք, որ «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոնի» (CRRC) հրապարակած հարցման համաձայն՝ հարցվածների մեծ մասը դեռևս քաղաքականապես կողմնորոշված ​​չէ: Հարցվածների 39 տոկոսը նշել է, որ ոչ մի քաղաքական կուսակցություն համահունչ չէ իր տեսակետներին։ Ըստ հարցման՝ կուսակցությունների աջակցության անհատական ​​ցուցանիշներն այնքան ցածր են, որ դրանք չեն կարող հիմք դառնալ ընտրությունների արդյունքների կանխատեսման համար։

Մասնավորապես, ըստ հարցվածների 25 տոկոսի՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ամենամոտն է իրենց տեսակետներին, 6 տոկոսը՝ ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությանն է համարում իր տեսակետներին հարազատ, 13 տոկոսը՝ այլ կուսակցությունների։ Հարցման համաձայն՝ «Վրացական երազանքին» աջակցությունը համեմատաբար մեծ է գյուղական բնակավայրերում, իսկ քաղաքներում` փոքր է: