Միավորվել հանուն Վրաստանի եվրոպական ապագայի. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրությանը կոչ է արել՝ միավորվել հանուն Վրաստանի եվրոպական ապագայի։

Նախագահը օգոստոսի 18-ին, հրապարակախոս Նիկո Նիկոլաձեի ծննդավայրից՝ Դիդի Ջիխայշից կոչով դիմել է հանրությանը, կառավարությանը, տեղական և կենտրոնական իշխանություններին ու խորհրդարանին:

«Սա հոբելյանական տարի է, և միևնույն ժամանակ, մեզ համար՝ Վրաստանի համար հաջորդ տարին վճռորոշ է լինելու՝ մեր եվրոպական ճանապարհին։ Սա, հավանաբար, պատահականություն չէ», — ասել է նախագահը։

Նշենք, որ հրապարակախոս և քաղաքական գործիչ Նիկո Նիկոլաձեն եղել է Փոթիի քաղաքապետը և կառավարել քաղաքը 1894-1914 թվականներին. հաջորդ տարի լրանում է նրա ծննդյան 180-րդ տարին:

Նախագահ Զուրաբիշվիլին հաճախ է շեշտում, որ ինքը Նիկոլաձեի հետնորդն է՝ «Նիկո Նիկոլաձեն ամենաշատն է արել Վրաստանի եվրոպական ապագայի համար, և, նա է Եվրոպան բերել Վրաստան»։