Լավագույն կամավորը` Ծալկայից

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Helping hand միջազգային հասարակական կազմակերպությունը ամենամյա մրցույթի շրջանակներում պարգեւատրել են տարվա լավագույն կամավորներին։

Ծալկայի շրջանի Աշխալա գյուղից Վարթուշ Ղալաչյանը ևս Վրաստանի լավագույն կամավորների շարքում է։ 16-ամյա աղջիկը նշում է, որ վերջին տարիներին ակտիվությամբ է ներգրավվել կամավորական գործունեության մեջ։ Նրա խոսքով, կամավորությունը բարություն դրսևորելու միջոց է, որի շնորհիվ երիտասարդը նույնպես զարգանում է։

Ղալաչյանը կամավորության շնորհիվ ծանոթացել է Վրաստանի այլ մարզերում բնակվող երիտասարդների հետ, հաղորդակցվել է վրացերենով, ինչը օգնել է նրան ավելի լավ տիրապետել պետական լեզվին, այնուհետև որոշել է իր հասակակիցներին և ավելի փոքրերին կամավոր սկզբունքներով դասավանդել վրացերեն։

«Կամավորությունն այնպիսի գործ է, որ ինքն իր բնույթով է տալիս շա՜տ մեծ մոտիվացիա և ուժ։ Կամավորական գործունեությունս հիմնականում վերաբերում էին երիտասարդների զարգացմանը և ինչ֊որ նոր բան սովորելուն։ Կազմակերպել եմ շատ թրեյնինգներ, մրցույթներ, վրացերենի դասընթացներ, աղբահավաքներ և այլն։

Ամենահաջողված նախագիծս համարում եմ վրացերենի 4-ամսյա դասընթացը (ունեմ 2 խումբ)», — պատմում է աղջիկը։

Երիտասարդ կամավորը դեռ շարունակում է իր նախագիծը՝ օնլայն վրացերեն դասավանդելով երիտասարդներին, նրա խոսքով` դա իր լավագույն նախագծերից է։

Մրցույթի մասին էլ ասում է, որ պարգևատրման օրը` դեկտեմբերի 5-ը, խորհրդանշական օր էր, քանզի այդ օրը միջազգայնորեն ճանաչված է որպես կամավորների օր։

«Ճանաչվեցի Վրաստանում լավագույն կամավորներից մեկը։ Այս հաղթանակը շատ մեծ դեր ունի իմ կյանքում, որովհետև ցանկացած հաղթանակ` թեկուզ փոքր, ինձ համար շատ մեծ հաջողություն է։ Այս հաղթանակով ես ստացա շատ մեծ մոտիվացիա, առաջ շարժվելու և մեծ եռանդով իմ ճանապարհը շարունակելու ցանկություն», հուզմունքով պատմում է աղջիկը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում։

Նրա խոսքով՝ հաջողության հասնելու ճանապարհին ժամանակ առ ժամանակ եռանդը նվազում էր, բայց հավատը, որ նպաստում է ինչ-որ մեկի առաջընթացին և լավ բան է անում իր երկրի համար, օգնում էր կրկին առաջ շարժվել.

«Երբեմն որևէ բան անելու ցանկությունն անհետանում էր, և դժվարությամբ էի հավատում, որ հաջողությունը մոտ է։

Սակայն, իմ մեջ գտնելով կամքի ուժ և մեծ ցանկություն առաջ գնալու, ես ոտքի է կանգնում և շարունակում իմ ուղին։ Կամավոր լինելն արդեն իսկ մեծ հաջողություն և պատիվ է անձի համար, կամավոր պիտի լինի ցանկացած մարդ` անկախ տարիքից ու սեռից։ Կամավոր լինելով` մարդ ձեռք է բերում շատ գիտելիք ու փորձ, իրական և հրաշալի ընկերական շրջապատ, կամքի ուժ, զգացողություն, որ մի լավ բան է անում իր երկրի համար։ Կամավորության հոմանիշը բարությունն է, կամավորություն ուղին ընտրած մարդն իր մեջ կգտնի չափազանց մեծ բարություն»։

Հետագայի մասին խոսելով` աղջիկը նշում է, որ դպրոցն ավարտելուց հետո պատրաստվում է ընդունվել համալսարան, իրավաբանական բաժին, սակայն չի դադարելու կամավորական աշխատանքներ կատարել․ «Քանզի կամավորությունը համարում եմ կյանքիս անբաժանելի մասը, քանզի մարդկանց օգնելը կամ թեկուզ մի փոքրիկ բան անելը ինձ շատ է երջանկացնում»։