Լավրովը բարձր է գնահատում վրացական իշխանությունների՝ Արևմուտքին ընդդիմանալու «խիզախությունը»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գովաբանում է Վրաստանին և նրա կառավարությանը՝ Արևմուտքին ընդդիմանալու համար:

«Վրաստանի կարողությունը՝ դիմակայել Արևմուտքի ճնշմանը, որը բացահայտորեն պահանջում է միանալ հակառուսական պատժամիջոցներին, հարգանք է առաջացնում:

Մենք տեսնում ենք, որ Վրաստանը, ինչպես գրեթե բոլոր երկրները, գտնվում է Արևմուտքի ճնշման տակ։ Արևմուտքը պահանջում է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, և այն, որ փոքր երկիրն ու նրա կառավարությունները խիզախություն ունեն ասելու, որ առաջնորդվելու են սեփական շահերով ու սեփական տնտեսության շահերով, հիացմունքի է արժանի»,- ասել է Լավրովը:

Լավրովը հույս է հայտնել, որ շուտով կվերականգնվեն Վրաստանի հետ ուղիղ չվերթները, որոնք Մոսկվան է դադարեցրել.

«Ուրախ եմ, որ մեր երկրում ակտիվորեն զարգանում են մարդկանց միջև շփումները։ Անցյալ տարի ինձ ասացին, որ Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով, մեծ մասամբ Ռուսաստանի Դաշնության հետ զբոսաշրջության և առևտրային հարաբերությունների շնորհիվ։ Հուսով եմ, որ շուտով մեզ կհաջողվի վերսկսել ուղիղ չվերթները»:

Ի դեպ, Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ չվերթները չեղարկել էր 2019 թվականի հուլիսի 8-ից, այսպես կոչված «Գավրիլովի գիշեր» անունով հայտնի իրադարձություններից հետո։ Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ ռուսական պատվիրակության ներկայությունը թբիլիսյան Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին, միանշանակ չընդունվեց, ինչին հետևեցին հակառուսական բազմամարդ բողոքի ակցիաները։

Հարկ է նշել նաև, որ Մոսկվան պարբերաբար խոսում է «համապատասխան նախապայմանների» դեպքում դեպի Թբիլիսի թռիչքների հնարավոր վերականգնման մասին։

Նշենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծած պատերազմից հետո, որը շարունակվում է առ այսօր, ուկրաինական կողմը բազմիցս վրաստանյան իշխանություններին մեղադրել է Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնություն ցուցաբերելու մեջ։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները պարեբրաբար կրկնում էին, որ Վրաստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառի՝ տնտեսական պատճառներից ելնելով:

CNN-ին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր, թե «իրականությանը չի համապատասխանում այն, որ Վրաստանը չի միացել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին»։ Ըստ նախագահի՝ իրականում Թբիլիսին Մոսկվայի դեմ բազմաթիվ միջազգային պատժամիջոցների մասնակից է։

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանն այս կապակցությամբ նշել էր. «Ցանկանում եմ հայտարարել, որ Վրաստանի կառավարությանը ոչ ոք չի պարտադրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե նրանք չեն ցանկանում դա անել և եթե այդպես են որոշել»: