Վրաստանը Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցներն ունի. Զուրաբիշվիլի

«Իրականությանը չի համապատասխանում այն, որ Վրաստանը չի միացել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին»։ CNN-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Ըստ նախագահի՝ իրականում Թբիլիսին Մոսկվայի դեմ բազմաթիվ միջազգային պատժամիջոցների մասնակից է։

«Վրաստանն ունի իր պատժամիջոցները՝ մենք չունենք դիվանագիտական ​​հարաբերություններ Ռուսաստանի հետ, մենք դաշինք չունենք Ռուսաստանի հետ և ունենք երկու օկուպացված տարածք, մեր տարածքների 20%-ը օկուպացված է Ռուսաստանի կողմից։ Սրանք են մեր պատժամիջոցները։ Մենք այլ իրավիճակում ենք, քան եվրոպական երկրներից շատերը. մենք չունենք պաշտպանություն ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածով: Մենք շատ համերաշխ ենք մեր եվրոպացի գործընկերների հետ բոլոր միջազգային կազմակերպություններում, որտեղ ընդունվում են բանաձևեր (ՌԴ-ի դեմ, խմբ․)»,- ասել է Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլիի կարծիքով՝ Վրաստանն այնտեղ է, որտեղ պետք է լինի.

«Մեզ համար շատ կարևոր է լինել մեր գործընկերների կողքին, ինչպես նաև շարունակել մեր եռյակի` Ուկրաինայի և Մոլդովայի հետ եվրոպական ինտեգրման ուղին»։