«Լելոն» ներկայացրեց մեծամասնական թեկնածուներին․ Ախալքալաք-Նինոծմինդայի թեկնածուն դեռ հայտնի չէ

«Լելո» կուսակցությունը օգոստոսի 12-ին Մցխեթայում ներկայացրեց մեծամասնական պատգամավորության թեկնածուներին:  Միջոցառմանը բացի կուսակցության նախագահ Մամուկա Խազարաձեից, մասնակցում էին նաև կուսակցության գլխավոր քարտուղար Բադրի Ջափարիձեն և այլ առաջնորդներ:

Հատկանշական է, որ կուսակցությունը թեկնածուներ ներկայացրեց Թբիլիսիի բոլոր մեծամասնական շրջաններում, որտեղ ընդդիմության մեծամասնությունը ընդհանուր թեկնածուներ էր առաջադրել:

Մցխեթայում կուսակցությունը 30 մեծամասնական շրջաններից ներկայացրեց 25 շրջանի թեկնածուներին: Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանը այն 5 շրջանների մեջ է, որի թեկնածուները դեռ չեն առաջադրվել:

«Լելո»-յի  նախագահ Մամուկա Խազարաձեի խոսքով՝ մնացած 5 շրջանների վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են և որոշումը շուտով հայտնի կդառնա: