Վրաց-ադրբեջանական վիճելի տարածքների հարցով փորձագիտական խումբն առաջին հանդիպումը կանցկացնի

Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի հարցով փորձագիտական խումբն առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 19-23-ին։ Այս մասին այսօր հաղորդել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։

Ըստ Դարսալիայի՝ այս պահին էլ սահմանապահ ուժերի հետ ակտիվ բանակցություններ են տարվում՝ իրավիճակը հարթելու համար։

«Վերջին շրջանում մենք մշտական կապի մեջ էինք ադրբեջանական կողմի հետ՝ տեխնիկական և կազմակերպչական հարցեր պարզելու համար։ Այսպիսով, փորձագիտական խմբի առաջին հանդիպումը նախատեսվում է օգոստոսի 19-23-ին», — ասել է Դարսալիան՝ հավելելով, որ երկու երկրների սահմանային հարցերը պետք է քննարկվեն հենց հանձնաժողովների մասշտաբով։

.Հիշեցնենք՝ վանական համալիրի շուրջ իրավիճակը թեժացել է հատկապես այն բանից հետո, երբ ամիսներ առաջ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Գարեջիի վանքը:

«Ընթացիկ տարվա հուլիսի 14-ին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրում ընդհարում էր տեղի ունեցել տեղի բնակիչների և ադրբեջանցի սահմանապահների միջև։