Լուգար կենտրոնի գործունեությունը լուրջ հարցեր է առաջացնում. Զախարովա

Ռուսատանի դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռուսական պետական ​​TASS լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոսել է հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի գործունեության վերաբերյալ Մոսկվայի մտավախությունների մասին և Վաշինգտոնից պատասխան պահանջել ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ։

Զախարովան ասել է, որ իրենք ծրագրում են մոտ ապագայում մեխանիզմներ գործարկել Կենսաբանական և թունավոր զենքերի արգելման մասին կոնվենցիայի համաձայն, որը ներառում է խորհրդակցություններ պետությունների հետ։

«Ռուս պաշտոնյաները, այդ թվում՝ արտգործնախարարությունը և պաշտպանության նախարարությունը, հասարակական գործիչներ, ինչպես նաև վրացի փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, բազմիցս նշել են, որ Լուգար կենտրոնի գործունեությունը լուրջ հարցեր է առաջացնում Միացյալ Նահանգների կողմից կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ», — ասել է Զախարովան։

Ըստ Զախարովայի՝ այս բիոօբյեկտի հիման վրա ուսումնասիրություններ են կատարվում՝ միջատները որպես վտանգավոր կենսաբանական նյութեր և վարակներ տարածողներ.

«Հասկանալի պատճառներով ԱՄՆ-ը գերադասում է լռել հետխորհրդային տարածքում կատարված աշխատանքի վերաբերյալ և վստահությունը բարձրացնելու համար տեղեկատվություն չի տրամադրում։ Պնդել, թե Պենտագոնի և հարակից կառույցների գործունեությունը հատկապես կենտրոնացած է առողջապահական խնդիրների վրա, իրականությանը չի համապատասխանում»:

Նշենք, որ ԱՄՆ-Վրաստան համագործակցության շրջանակներում Ռիչարդ Լուգարի ​​հանրային առողջության հետազոտական ​​կենտրոնի շինարարությունը սկսվել է 2004 թվականին, իսկ շենքը ամբողջությամբ շահագործման է հանձնվել 2013 թվականի օգոստոսին։ Այնուհետև ռուսական շատ աղբյուրներ տարածում էին տեղեկություն այն մասին, որ Լուգարի լաբորատորիայում բիոլոգիական և քիմիական զենք է արտադրվում։

Հիշեցնենք՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի ֆոնին ռուսական կողմը վերջերս ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե Ուկրաինայում և Վրաստանում գործող լաբորատորիաներից չղջիկների միջոցով վարակ են տարածում։

Կարդացեք նաև՝

Վրաստանի «վարակ տարածող միջատները». ՌԴ-ի նոր մեղադրանքը

Ուկրաինայի ու Վրաստանի չղջիկները՝ «վարակ տարածողներ»