Եթե չլիներ Իվանիշվիլին, Զուրաբիշվիլին հասարակ պատգամավոր կլիներ․ Կոբախիձե

«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքելով Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, ասել է, որ եթե չլիներ Բիձինա Իվանիշվիլին, Սալոմե Զուրաբիշվիլին հասարակ պատգամավոր կլիներ:

Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը ի պատասխան, թե կառավարությունը նրան թույլ չի տվել պաշտոնական այցով մեկնել Ֆրանսիա, Լեհաստան և Ուկրաինա, որտեղ նա պետք է հանդիպումներ անցկացներ Վրաստանի ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու շուրջ, Կոբախիձեն նշել է, որ այս հայտարարությունն անտեղի է։

«Մենք անմիջական մասնակցություն ենք ունեցել Սալոմե Զուրաբիշվիլիի նախագահական քարոզարշավին։ Այս գործընթացը տևեց 45 օր ու ցավոք նա 45 օրվա ընթացքում չհասկացավ, թե ինչ է ուզում, բայց մենք, այնուամենայնիվ, կարողացանք հաղթել։ Լսեցինք նաև բարոյական տեսակետից շատ կոշտ հայտարարություն, մասնավորապես Բիձինա Իվանիշվիլիի մասին, երբ Սաակաշվիլիին, Գվարամիային և Բիձինա Իվանիշվիլիին կողք — կողքի դրեց։

Ստացվում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է այս երկիրը պաշտպանի նաև Բիձինա Իվանիշվիլիից։ Վրաստանը որպես ԵՄ թեկնածու առաջադրելու նախաձեռնությունը պատկանում էր Բիձինա Իվանիշվիլիին», — ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Կոբախիձեի խոսքով, նախագահը «խորհրդանշական կերպար» է, և Սալոմե Զուրաբիշվիլին ընտրվել է, քանի որ նա եղել է սփյուռքի ներկայացուցիչ, կին և եկել է Եվրոպայից։

«Եթե չլիներ Բիձինա Իվանիշվիլիի նախաձեռնությունը, Սալոմե Զուրաբշվիլին կլիներ սովորական պատգամավոր»,- ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ նախագահը սխալ վերլուծություն է անում, և ինքը չի ցանկանում նրա հետ վեճի մեջ մտնել։

Կարդացեք նաև՝

Կառավարությունն ինձ թույլ չտվեց մեկնել Ֆրանսիա, Ուկրաինա և Լեհաստան. նախագահ