Մառնեուլիի 2024-ի բյուջեի նախագծի հանրային քննարկումը՝ նոյեմբերի 22-ին

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին։

Մառնեուլիի քաղաքապետարանի հայտարարության համաձայն, հանրային քննարկումը կսկսվի ժամը 12:00-ին` քաղաքապետարանի մեծ կոնֆերանսների դահլիճում։

Մառնեուլիի սակրեբուլոն 2024 թվականի բյուջեի նախագիծը հրապարակել է նոյեմբերի 15-ին: Նախագծի համաձայն, ըստ առաջնահերթությունների՝ քաղաքապետարանը միջոցները բաշխել է հետևյալ կերպ.

  • ենթակառուցվածքների զարգացում՝ 14 մլն 817 հազար 500 լարի,
  • մաքրություն և շրջակա միջավայրի պահպանություն՝ 3 մլն 275 հազար լարի,
  • կրթություն՝ 4 մլն 922 հազար լարի,
  • մշակույթ, սպորտ և երիտասարդություն՝ 11 մլն 235 հազար 500 լարի,
  • առողջապահություն՝ 313 հազար 300 լարի,
  • սոցիալական ապահովություն՝ 2 մլն 703 հազար 10 լարի,
  • կառավարման և ընդհանուր նշանակության ծախսեր՝ 17 մլն 485 հազար 900 լարի:

Բյուջեի նախագծով 2024 թվականից նախատեսվում է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի 10 տոկոս բարձրացում։ 2024 թվականին քաղաքապետարանի 275 աշխատակցի համար աշխատավարձը կկազմի 8 մլն 336 հազար 900 լարի։