Մառնեուլիի քաղաքապետարանը գումար կտրամադրի վթարված շենքերի վերականգնման համար

Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականի բյուջեով նախատեսում է 1 մլն 715 հազար 500 լարի հատկացնել Նարիմանովի անվան փողոցի թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքի վերականգնման համար։

Մառնեուլիի 2023 թվականի բյուջեի «Վթարային շենքերի և տների վերականգնման» ծրագրի շրջանակներում կիրականացվեն քաղաքապետարանի տարածքում կիսավեր շենքերի ուսումնասիրություն և փորձաքննություն՝ սպասվող վտանգները կանխելու նպատակով։

Հատկանշական է, որ Մառնեուլիի 2022 թվականի բյուջեում ներառված չի եղել «Վթարային շենքերի և տների վերականգնման» ծրագիրը։

Հիշեցնենք. 2022 թվականի հունիսի 26-ին Մառնեուլիի Նարիմանովի անվան փողոցի թիվ 1 բնակելի շենքի երկու պատշգամբ փլուզվել էր, ինչի հետևանքով երկու կին էր մահացել։ Նախ` փլուզվել էր հինգերորդ հարկի պատշգամբը, որին հաջորդել էր չորրորդ հարկի պատշգամբի փլուզումը։ Դեպքից հետո Մառնեուլիի քաղաքապետարանը քաղաքացիներին տեղափոխել էր հյուրանոց։

Շենքի վերականգնման համար քաղաքապետարանը 2022 թվականի նոյեմբերի 18-ին 2 մլն 121 հազար 737 լարիի մրցույթ էր հայտարարել, սակայն ոչ մի ընկերություն չի մասնակցել, ինչի պատճառով էլ մրցույթը չի կայացել։