ՄԱՇ-ն այսօրվանից սկսում է խորհրդարանական գործունեությունը

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն այսօրվանից մեկնարկում է խորհրդարանական գործունեությունը: Կուսակցությունների մասնակցությամբ առաջին լիագումար նիստը նշանակված է ժամը 12:00-ին:

Կուսակցության անդամների խոսքով, խորհրդարանում անելիքների մասին հայտարարություն կանի ՄԱՇ-ի առաջնորդ Նիկա Մելիան:

Կուսակցության ներկայացուցիչ Խատիա Դեկանոիձեն նշել է, որ այս խորհրդարանն իրենց համար միջանկյալ է՝ «արտահերթ ընտրությունների շեմին»: Նաև, հույս է հայտնել, որ այս հարթակը կօգտագործեն առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների ընթացքում իշխող կուսակցությանը հաղթելու համար:

ՄԱՇ-ը խորհրդարան մտնելու հարցով խորհրդակցություններ է սկսել Նիկա Մելիայի` բանտից դուրս գալուց հետո: Վերջերս Մելիան շրջաններում հանդիպել է կուսակցության` տեղի առաջնորդների հետ, նաև Կիև է մեկնել, հանդիպել Վրաստանի 3-րդ նախագահ, ՄԱՇ-ի հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլիի հետ: