Մայրենի լեզուն՝ վրաց ժողովրդի ինքնության որոշիչ. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության ֆեյսբուքյան էջում ապրիլի 14-ի՝ մայրենի լեզվի օրվա կապակցությամբ, գրառում է կատարել։

Ղարիբաշվիլին նշել է՝ այս տարի լրանում է 1978 թվականի ապրիլի 14-ի աննախադեպ խաղաղ ցույցի 45-րդ տարեդարձը, երբ վրաց ժողովուրդը կանգնեց Խորհրդային իշխանության դեմ, որը փորձ էր անում նոր Սահմանադրությամբ վերացնել վրաց լեզվի պետական ​​կարգավիճակը։

Ըստ վարչապետի՝ վրացիները հաղթեցին իրենց մայրենի լեզուն պաշտպանելու ճակատամարտում։

«Խորհրդային Միության պատմության մեջ առաջին անգամն էր, որ ռեժիմը նահանջեց ժողովրդական ցույցերի արդյունքում։ Այս հաղթանակը օրինակելի դարձավ մյուս հանրապետությունների համար և ազդեց նրանց սահմանադրությունների վերջնական տարբերակի ձևավորման վրա», — գրել է վարչապետը։

Ղարիբաշվիլիի խոսքով, ապրիլի 14-ը վրաց ժողովուրդն ինքը դարձրեց վրաց լեզվի օր։ Վարչապետի գնահատմամբ՝ մայրենի լեզուն վրաց ժողովրդի ինքնության, միասնության և ուժի հիմնական որոշիչներից է։

«Վրաց լեզվի պաշտպանության և զարգացման համար ստեղծվել է պետական ​​լեզվի 10-ամյա ռազմավարություն, որն արդեն հաստատել է Վրաստանի կառավարությունը»: