«Մայրենիի դեսպան», «Թումանյան-150». պարգևատրություններ վիրահայոց թեմում

Վիրահայոց թեմի մամլո դիվան Սուսաննա Խաչատրյանը մայիսի 5-ին ՀՀ Սփուռքի նախարարության անունից ստացել է «Մայրենիի դեսպան» խորագրով մեդալ: Սա նրա առաջին մեդալը չէ․ Սուսաննա Խաչատրյանը նաև ունի Վրաստանի Հանրային հեռուստատեսության պատվո մեդալ: Ասում է՝ դա իր երկար տարիների աշխատանքի գնահատականն է.

«1975 թվականից, երբ ավարտել եմ բարձրագույնս, նվիրվել եմ հայոց լեզվի տարածմանը՝ ինձ համար սուրբ գործին: Ամեն ինչ արել եմ լեզուն անաղարտ պահելու նպատակով: Հպարտությամբ եմ ասում, որ գործունեությունս գնահատվել է և Մայր հայրենիքի, և Վրաստանի իշխանությունների կողմից»։

Սուսաննա Խաչատրյանը բացում է իր հաջողության փակագծերը՝ ամեն անգամ առաջնորդվել ոչ թե այն մտքով, որ ուղղակի Սուսաննա Խաչատրյանն է, այլ, որ իր ազգի դուստրն է, ու պարտավոր է ազգը հավուր պատշաճի ներկայացնել:

Պարգևատրության արարողությանը նույն մեդալից ստացել է նաև «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Սփյուռքի նախարարության անունից «Վիլյամ Սարոյան» մեդալով պարգևատրել է «Հայ մնալու արվեստը» օնլայն հրատարակչության խմբագիր Վալերի Հունանյանցին: «Կոմիտաս» մեդալ է ստացել Բաթումիի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի «Աղբյուր» երգչախմբի խմբավար Ռուզաննա Հովհաննիսյանը:

«Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում կայացած արարողության ընթացքում «Հովհաննես Թումանյան 150» հուշամեդալների են արժանացել վերոնշյալ կառուցի ղեկավար Գիսանե Հովսեփյանը և Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը։

Լուսանկարները՝ Վիրահայոց թեմի կայքից