Մաչալիկաշվիլին ահաբեկչական ակտ է նախապատրաստել. ՊԱԾ

Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) տեղեկատվության համաձայն՝ որդեկորույս հայր Մալխազ Մաչալիկաշվիլին, որն ամիսներ շարունակ խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացնում, ահաբեկչական գործողություն է նախատեսել՝ անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլիի հոր գերեզմանոցում: ՊԱԾ-ը նաև գաղտնի ձայնագրված զրույց է հրապարակել:

«Ասեցի արդեն, Գոգաշվիլի, տես որտեղ է թաղված, որտեղ ինչ կարող ես անել, ես չպիտի սովորեցնեմ, արդեն փոքր չես: Այդ վայրից ավելի հարմար հնարավորություն չկա, որ կգնան այնտեղ, պետք է ոչնչացնենք դրանց, դրանք ամեն տարի գնում են գերեզման: Նկարն ու մնացածը երբ բերես, ծրագիրը կասեմ: Մենակ չպիտի գնաս: Ում վստահում ես, մի մարդ վերցրու հետդ, գիշերը գնա ու մնա: Եթե ինչ-որ մեկը հարցնի` ինչ ես փնտրում, կասես այստեղ մի քիստ է թաղված, եկել եմ տեսնեմ գերեզմանը: Հեռախոսում ոչինչ չթողնես, հեռախոսդ միշտ պետք է մաքուր լինի, միշտ»,- ՊԱԾ-ի տարածած ձայնագրությունում, ըստ ՊԱԾ-ի, ասում է Մաչալիկաշվիլին: