Մդինարաձեն քննադատում է Եվրոպայի սոցիալիստական կուսակցությանը հայտարարությունը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն արձագանքել է ձախամետ Եվրոպայի սոցիալիստական ​​կուսակցության (PES) հայտարարությանը՝ ասելով, որ գուցե հենց իշխող կուսակցությունը խոսի PES-ի հետ հարաբերությունների վերանայման մասին։

Ընդգծենք՝ PES-ը, որի դիտորդ անդամն է «Վրացական երազանքը», քննարկում է Վրաստանի իշխող կուսակցության հետ գործընկերության վերանայումը։

Մասնավորապես, Եվրոպայի սոցիալիստական ​​կուսակցությունը մտահոգված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի վերջին հայտարարություններով և «Վրացական երազանք»-ի գործողություններով։ Հունգարիայում ծրագրված Պահպանողականների միջազգային համաժողովը (CPAC), որին կմասնակցի նաև Ղարիբաշվիլին, մտահոգություն է առաջացրել Վրաստանի գործընկերների մոտ։

«Կարելի է ավելի շատ խոսել հարաբերությունների վերանայման մասին, երբ ինչ-որ մեկի համար անընդունելի է, որ «Վրացական երազանքը» մասնակցի համաժողովի, որտեղ խոսվում է ընտանիքի սրբության, ավանդական արժեքների, անցյալի նկատմամբ հարգանքի, զարգացման, ապագայի, հավատքի ու նրա ազատության, ազգային ինքնության պահպանման մասին…։

Կոչ եմ անում մեր գործընկերներին, մինչ նման հայտարարություններ անելը, մեզ հետ խոսել։ Ամեն ինչ արդեն պարզ է, բայց ավելի լավ է նման հարցերը պարզել քաղաքական խմբում, որտեղ ընդգրկված են տարբեր կուսակցություններ, այդ թվում՝ «Վրացական երազանք»-ը»,- ասել է Մդինարաձեն։

Մայիսի 4-5-ը Հունգարիայում նախատեսված CPAC-ի բանախոսների թվում է Ղարիբաշվիլին։

CPAC-ը պահպանողականների ամենամյա հավաք է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1974 թվականին։ Եվրոպայում CPAC-ն արդեն երկրորդ տարին անցկացվում է Հունգարիայում։ «Հիմնարար իրավունքների կենտրոնը» անցած տարի համաժողովը կազմակերպել էր Բուդապեշտում։ Ըստ CPAC-Hungary կայքի՝ միջոցառման հիմնական թեման «Աստված, երկիր, ընտանիք» արժեքների շուրջ էր: Այս տարվա համաժողովի կարգախոսն է` «Միասին մենք ավելի ուժեղ ենք»:

Քննադատում են Պահպանողականների միջազգային համաժողովին վարչապետի մասնակցությունը