Աբխազական կողմն աջակցում է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան կիսում է Ռուսաստանի կողմից նախկին Խորհրդային Միության հանրապետությունների վերամիավորման հարցով նախաձեռնած գործընթացը՝ Աբխազիայի դե ֆակտո հանրապետությունը տեսնելով որպես այդ գործընթացի մաս։

«Նախկին Խորհրդային Միության տարածքում ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումը կարող է նպաստել ինքնիշխան պետությունների ընդլայնված միության ձևավորմանը», — ապրիլի 29-ին «բազմաբևեռ աշխարհի» թեմայով առցանց համաժողովի շրջանակներում ասել է Արձինբան:

Ըստ Արձինբայի՝ միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգին բնորոշ է տուրբուլենտությունը.

«Մենք բոլորս ականատես ենք, թե ինչպես է աշխարհը լրջորեն փոխվում, տեսնում ենք, թե ինչպես է հավաքական Արևմուտքը դիմադրում բազմաբևեռ համակարգին անցնելու գործընթացին։ Աշխարհը չի կարող միաբևեռ լինել. պատմությունը դրա վառ ապացույցն է»:

Արձինբայի խոսքով, Աբխազիան պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի «հեգեմոնիայի» և ՆԱՏՕ-ի ջանքերով ստեղծված համակարգին: Նա նշել է, թե բազմաբևեռ աշխարհը հիմնված է լինելու միջազգային իրավունքի սկզբունքների, հավասարության և փոքր ազգերի իրավունքների հարգման վրա։

Հատկանշական է, որ «Գլոբալ համաժողովի» մասնակիցների անունները դե ֆակտո հանրապետության տեղեկատվական աղբյուրները չեն բացահայտում։

Ի դեպ, Ռուսաստանի նախաձեռնած բազմաբևեռ աշխարհի գաղափարը հաճախ քննարկվում և լիակատար աջակցություն է ստանում Վրաստանի ռուսամետ ուժերի կողմից։