Մետաքսի գործարանի տարածքը զրկվել է հանգստի գոտու կարգավիճակից

Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում՝ Կոստավայում, նախկին «Մետաքսի գործարան»-ի և «Լագունա Վերե»-ի մերձակա տարածքը (Հերոսների հրապարակ), որտեղ «Քարթու» հիմնադրամը նախատեսում է երկնաքերեր կառուցել՝ զրկվել է հանգստի (ռեկրեացիոն) գոտու կարգավիճակից: Այս հարցը քվեարկության է դրվել Թբիլիսիի սակրեբուլոյի (ավագանու) նիստում։ Գոտու փոփոխությանը կողմ է արտահայտվել 29 պատգամավոր, դեմ՝ 3։

Սույն որոշմամբ՝ 33 հազար 447 քռմ տարածքին հատկացվել է հասարակական-գործարար գոտու 2-րդ կարգի կարգավիճակ։ Մինչ այդ այն ուներ 2-րդ կարգի հանգստի գոտու կարգավիճակ, որն արգելում էր նախկին մետաքսի գործարանի տարածքում շինարարությունը։ Նոր ֆունկցիոնալ գոտու պայմաններում թույլատրելի է դարձել այս տարածքում երկու երկնաքեր կառուցել։

«Լագունա Վերե»-ի ֆունկցիոնալ կարգավիճակը չի փոխվել և այն շարունակում է մնալ ռեկրեացիոն գոտի։ Նախկին մետաքսի կոմբինատի համար ռեկրեացիոն գոտին հանելու հարցը, ի թիվս այլ փոփոխությունների, բարձրացրել է քաղաքապետարանը։

Ամանորի նախաշեմին՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ին, սակրեբուլոն հաստատել էր նախկին մետաքսի գործարանի տարածքում երկնաքերեր կառուցելու նախագիծը։ Զարգացման կանոնակարգի պլանի հաստատումից հետո նախագիծը վերադարձվեց քաղաքապետարան՝ շինարարության թույլտվություն ստանալու համար: Քանի որ տարածքն ուներ 2-րդ կարգի հանգստի գոտու կարգավիճակ, և նման մասշտաբի շինարարությունն այստեղ չէր թույլատրվում, նախագիծը կրկին վերադարձվեց սակրեբուլո՝ այս անգամ գոտու կարգավիճակը փոխելու խնդրանքով։

Երկնաքերի նախագծի շենքերի միայն 25 տոկոսն է օգտագործվելու հասարակական-բիզնեսի նպատակներով։ Մնացած 75 տոկոսը, ըստ նախագծի՝ բնակելի է։ Երկնաքերի նախագիծը բազմաթիվ այլ խնդիրներ ունի։ Մասնագետները նշում են մի քանի գործոն, ինչի պատճառով «Լագունա»-ի և նախկին մետաքսի գործարանի տարածքում նմանատիպ մասշտաբի շինարարություն չի թույլատրվում։ Մասնավորապես, շինարարական տարածքը գտնվում է Թբիլիսիի պատմական հատվածի զարգացման կարգավորման գոտում և
հակասում է մշակութային ժառանգության մասին օրենքին, անվտանգության ռիսկերը պատշաճ կերպով չեն ուսումնասիրվել և այլն:

Նշենք, որ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամը նախատեսում էր 65 հարկանի բազմաֆունկցիոնալ շենք կառուցել Թբիլիսիի նախկին «Մետաքսի գործարան»-ի տեղում՝ «Լագունա Վերե»-ի և «Հերոսների հուշարձան»-ի միջև։

Խոստացված կառույցի մասին տեղեկությունը տարածել էր Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Իրակլի Աբեսաձեն` վերնագրելով այսպես. «Բիձինայի նվերը թբիլիսցիներին»:

«Քաղաքաշինության ինստիտուտ» կազմակերպությունն արձագանքել է «Լագունա Վերե»-ի շրջակայքում նախատեսված շինարարությանը։ Կազմակերպության կարծիքով, նախագիծը տարածքին անհամապատասխան է, ավելին՝ Թբիլիսիում դժվար է գտնել այնպիսի վայր, որը կարող է հարմար լինել այդ մասշտաբի ու բարձրության կառույցի համար: