«Միասնության հարթակ՝ Եվրոպայի համար». քննարկում են նախագահի նախաձեռնությունը

«Միասնության հարթակ՝ Եվրոպայի համար», այսպես է կոչվում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նոր նախաձեռնությունը, որի մասին նա հայտարարեց երեկ՝ փետրվարի 6-ին խորհրդարանում, և բոլոր շահագրգիռ կողմերին քաղաքական սպեկտրից և քաղաքացիական հասարակությունից՝ հրավիրեց մասնակցելու նախաձեռնությանը։

Նախագահն այս հարցի մասին սկսել է խոսել 2024 թվականի ընտրությունների թեմայի շրջանակում: Ըստ Զուրաբիշվիլիի՝ 2024 թվականի ընտրությունները սովորական ընտրություններ չեն լինելու․ պատմության մեջ լինելու է «վճռական փուլ», որտեղ ընտրությունների միջոցով վրաց ժողովուրդը պետք է որոշի իր ապագան: Նա կոչ է արել քվեարկել «կառավարման նոր մոդելի, նոր տնտեսության, այսինքն՝ եվրոպական նոր պետության օգտին»։

Զուրաբիշվիլին պատրաստակամություն է հայտնել ստանձնել հարթակի ձևավորման պատասխանատվությունը և նախագահական վարչակազմի հետ համակարգող կենտրոն ստեղծել, «որը կմիավորի եվրոպական առաջնահերթությունների վերաբերյալ բոլոր կոնկրետ առաջարկները և կնպաստի երկխոսության ու կոնսենսուսի միջոցով համատեղ փաստաթղթի ձևավորմանը»: Նրա խոսքով, այդ նպատակով առաջիկա օրերին կհրավիրվեն քաղաքական սպեկտրի ներկայացուցիչներ և քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերը։

Ըստ նախագահի՝ ինքը չի ցանկանում առնչվել որևէ քաղաքական կուսակցության հետ. «Ինչ-որ մեկը կարող է շատ ցանկանալ ինձ տանել քաղաքական պայքարի ասպարեզ և ներկայացնել որպես որևէ քաղաքական ուժի, դիրքի կամ ընդդիմության առաջնորդ, իզուր»:

Նախագահի կարծիքով «երկիրն այսօր անկուսակցական, ռազմավարական տեսլականով, ոչ քաղաքական նկրտումներով և ոչ անձնական շահերով պետական ​​ղեկավարի կարիք ունի, որը մինչև վերջ կծառայի գլխավոր նպատակին՝ խորհրդային անցյալը փոխարինել եվրոպական ապագայով, հավերժ ամրապնդելով երկրի անկախությունը, ազատ ու խաղաղ եվրոպական ընտանիքի գրկում»։

Նա նաև հավելել է՝ հասարակությունը այլևս չի հավատում և չի ցանկանում տեսնել արդեն բազմիցս ընդունված կուսակցական միավորման սխեմաներին և չի հավատում մեկուսացված, ամբողջական հաղթանակի պնդումներին:

Իշխանությունը քննադատում է, ընդդիմությունը՝ ողջունում 

Իշխոշ «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն նախագահին անվանել է «սովորական ընդդիմադիր». «Դուք որևէ տարբերություն չեք գտնի նրա այսօրվա ելույթի և ամենաարմատական ​​ընդդիմադիրի ելույթի միջև»:

Նախագահի նախաձեռնությունը ողջունել է ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը» (ՄԱՇ)։ ՄԱՇ կուսակցության պատգամավոր Թինա Բոկուչավան ասել է, որ ՄԱՇ-ի համար ամենակարևորը ոչ թե կուսակցության, այլ՝ եվրոպական և, հետևաբար, երկրի ազգային շահն է. «Մենք կարծում ենք, որ միասնական ջանքերն ընտրություններից առաջ շատ կարևոր են»:

Նախաձեռնությունն արդեն ողջունել են «Լելո», «Ռազմավարությունը Աղմաշենեբելի», «Քաղաքացիներ» կուսակցությունները:

«Գիրչի-առավել շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն ասել է, որ նախ կհանդիպի նախագահին՝ պարզելու, թե ինչի մասին է այս նախաձեռնությունը։

Նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի թիմակից Անա Բուչուկուրին հայտարարել է, որ «Վրաստանի համար» կուսակցությունը չի մասնակցի նախագահ Զուրաբիշվիլիի առաջարկած ձևաչափին։

Ինչ են ասում վերլուծաբանները

Քաղաքական վերլուծաբան Դավիթ Զուրաբիշվիլին «մեծ լավատեսությամբ» չի նայում այս նախաձեռնությանը, սակայն կարծում է, որ այս նախաձեռնությունը բևեռացումը կոտրելու և քաղաքական օրակարգը փոխելու «միակ ճիշտ ճանապարհն է»։

Քաղաքական վերլուծաբանի խոսքով, այս հարթակի հովանու ներքո ստեղծված միավորումը 2024 թվականի ընտրություններում պետք է ներկայացվի որպես անկախ քաղաքական ուժ, որը պետք է բավարարի երեք պայման, դրանցից առաջինը՝ պետք է ուղղված լինի բևեռացման դեմ: Ըստ նրա՝ հարթակը պետք է ամբողջությամբ և էապես տարանջատվի երկու հիմնական տեղեկատվական-քաղաքական ճամբարներից. ուստի այս միավորման մեջ ոչ մի դեպքում չպետք է հայտնվի ՄԱՇ-ը, ինչպես նաև այն քաղաքական գործիչները, ովքեր ասոցացվում են բռնության և ավտորիտարիզմի հետ:

Նրա համոզմամբ՝ քարոզարշավը պետք է սկզբունքորեն դրական լինի. առաջնահերթությունը պետք է հստակ տրվի ցույց տալու, թե ինչպես է այս միությունն ավելի լավը, քան երկու բևեռացված ճամբարները:

«Նախագահ Զուրաբիշվիլին չպետք է հրաժարական տա, քանի որ այս դեպքում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ, և գործող օրենսդրության համաձայն՝ «Վրացական երազանք»-ը հեշտությամբ կընտրի իր ուզած թեկնածուին։ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է մնա իր պաշտոնում, ոչ թե անմիջական մասնակցություն ունենա նախընտրական արշավին… Եթե ընտրություններից առաջ հնարավոր լինի ստեղծել նման միավորում, ապա ես անձամբ միանգամայն վստահ եմ, որ ռեյտինգայինով ու ազդեցությամբ այն հավասարվելու է «Վրացական երազանքին» և ՄԱՇ-ին, ինչը հիմնովին և դրականորեն կփոխի իրավիճակը մեր երկրում»,- գրել է քաղաքական վերլուծաբանը:

Վերլուծաբան Զաալ Անջափարիձեն նախագահի նախաձեռնությունը «ընդդիմության առաջնորդ դառնալ երազողի» քայլեր է դիտարկում: Նա նաև կապ է տեսնում երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Զուրաբիշվիլիի միջև. «Պատկերացրեք Սաակաշվիլի-Զուրաբիշվիլի տանդեմը ՄԱՇ-ի և նրա բաժանված մասերի հետ։ Առնվազն Զուրաբիշվիլին պետք է անհարմար զգա նման քաղաքական իրավիճակից»:

Նախագահի երեկվա զեկույցի առանցքային հատվածները կարդացեք ստորև հղումով.

Ռուսականացումն այլընտրանք չէ. խորհրդարանում Զուրաբիշվիլիի ելույթն՝ ամփոփ