Միրզոյանը խոսել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի առաջնորդների հնարավոր հանդիպան մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ առաջիկայում կարող է եռակողմ հանդիպում կազմակերպվել Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև: Այս մասին ՀՀ արտգործնախարարը նշել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Ըստ տեղեկության՝ Միրզոյանն ասել է, թե այժմ նման գաղափար է շրջանառվում՝ չհստակեցնելով՝ որտեղ կարող է լինել այդ հանդիպումը և երբ։

Միրզոյանի խոսքից դատելով` այս պահին միայն հստակ է, որ Երևանը համաձայնել է և հիմա էլ պատրաստ է, թեև նույն արտգործնախարարի խոսքով՝ «այդպիսի հանդիպումն առանձնապես արդյունավետ և խոստումնալից չի թվում», քանի որ հնարավոր չի լինում համաձայնեցնել անգամ ատելության խոսքի և թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառություն արտահայտող մի պարզագույն համատեղ հայտարարություն»:

Հարկ է նշել, որ մինչ այդ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում պնդել էր, թե Երևանը հրաժարվել է կովկասյան երեք պետությունների մասնակցությամբ նոր ձևաչափ ստեղծելու առաջարկից։

«Մեր առաջարկությունն էր Վրաստանում երեք երկրների առաջնորդների հանդիպում կազմակերպել, ի վերջո Վրաստանն այն տեղն է, որտեղ հարևաններն ավանդաբար հանդիպում էին։ Հայաստանը, սակայն, դրան պատրաստ չէ»,- ասել էր Ալիևը։

Ի դեպ, 2022 թվականի հուլիսին Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ Թբիլիսիում կայացել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։