Ալիևը Դավոսում ասել է՝ Երևանը հրաժարվում է Բաքվի և Թբիլիսիի առաջարկից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած քննարկմանը բարձր է գնահատել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերը, ով Թբիլիսիում հյուրընկալեց Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը առաջարկել է նաև երկրների առաջնորդների մակարդակով հանդիպում անցկացնել Թբիլիսիում, քանի որ հարևաններն ավանդաբար հանդիպում են Վրաստանում, բայց, ըստ նրա, Հայաստանը դրան պատրաստ չէ․ «Երևանը մերժել է մեր և Թբիլիսիի՝ համագործակցության եռակողմ ֆորմատ ձևավորելու առաջարկը»։  

Նրա խոսքով, եթե հարավկովկասյան երեք երկրները միավորեն իրենց ջանքերը էներգետիկայի, տրանսպորտի, անվտանգության, կայունության, սահմանների սահմանազատման առումով, տարածաշրջանն ավելի ապահով կլինի։

«Երկու րոպեն չի բավականացնի պատմելու, թե (բանակցությունների) ինչ փուլում ենք։ Մենք գտնվում ենք անապատի մեջտեղում, քանի որ Հայաստանը, ցավոք, չարձագանքեց խաղաղության համաձայնագիր կնքելու մեր առաջարկին։ Դա շատ պարզ էր՝ հիմնված միջազգայնորեն ճանաչված հիմնարար սկզբունքների վրա…»,- ասել է Ալիևը՝ նաև ընդգծելով, որ Հարավային Կովկասի երեք երկրներից միայն Հայաստանը չի մասնակցում Դավոսի համաժողովին։

Նույն քննարկմանը մասնակցել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, ով շեշտել է, որ Թբիլիսին վերստին պատրաստ է չեզոք միջնորդի դեր ստանձնել Երևանի և Բաքվի միջև։