Մոսկվան ձգտում է, որ Վրաստանն ուժ չկիրառի Աբխազիայում և Հվ․ Օսիայում․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվան փորձում է համաձայնության հասնել Թբիլիսիի հետ Վրաստանի կողմից Աբխազիայում և Հարավային Օսիայում ուժ չկիրառելու վերաբերյալ ։

«Մեզ համար հատկապես կարևոր է Աբխազիայի և Հարավային Օսիայի անվտանգությունը։ Ինչպես գիտեք, այդ տարածքներում տեղակայված են ռուսական ռազմակայաններ, մենք համատեղ պաշտպանում ենք պետական ​​սահմանները՝ դրսից հնարավոր սադրանքներից խուսափելու համար։ Մենք փորձում ենք հասնել նրան, որ Վրաստանը համաձայնի այդ երկրների դեմ ուժ չկիրառելու հարցում։ Սա տարածաշրջանում կայունության հիմքն է», — ասել է Զախարովան փետրվարի 13-ի ճեպազրույցի ժամանակ։

Նշենք, որ ուժի չկիրառումը Ժնևի բանակցությունների հիմնական խնդիրներից է։ Վրաստանն արդեն միակողմանի պայման է դրել ուժի չկիրառման մասին և նույնը պահանջում է Ռուսաստանի Դաշնությունից։ Ռուսաստանը, որը հայտարարում է, թե իրեն չի համարում հակամարտության կողմ, ցանկանում է, որ Վրաստանը պաշտոնապես նմանատիպ համաձայնագրեր ստորագրի Աբխազիայի և դե ֆակտո Հարավային Օսիայի Հանրապետության հետ։ Նման նախաձեռնությունն անընդունելի է վրացական կողմի համար։