Մթավարիի մոտ ցույցի ետևում Վրաստանի իշխանությունն է. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձ է տարածել, որում անդրադարձել է Թբիլիսիում օրեր առաջ տեղի ունեցած հայ համայնքի ցույցին ապատեղեկատվության դեմ: Նրա խոսքով՝ ցույցի ետևում Վրաստանի իշխանությունն է:

«Ոշադրություն դարձրեք, թե ինչ են անում մեր հարևանները և թե ինչպես է իրեն պահում Վրաստանի այսօրվա կառավարությունը: Վրաստանի պատմության մեջ նման բան չեմ հիշում, Թբիլիսի են բերել հայ էթնիկ պատկանելիությամբ Վրաստանի քաղաքացիների խումբ, որոնք Մթավարիի մոտ բողոքարկում էին իմ դիրքորոշումը Ղարաբաղի շուրջ ընթացող իրադարձությունների հետ կապված: Ուզում եմ ասել, որ նման բան ինքնաբուխ երբեք տեղի չի ունենում: Իհարկե, այս ցույցի ետևում Վրաստանի այսօրվա իշխանությունն է ու նրանց արտասահմանյան հովանավորները: Բոլորը շատ լավ հասկանում են՝ իմ դիրքորոշումը հայ- ադրբեջանական հակամարտության հետ կապված շատ կոնկրետ է․ ես պատերազմին կտրականապես դեմ եմ, ու սիրտս ցավում է բոլոր զոհված հայերի ու ադրբեջանցիների համար: Անհնար է, որ  ինձ դուր գան ռազմական գործողությունհերը:

Միևնույն ժամանակ ես Վրաստանի զավակն եմ ու Ուկրաինայի քաղաքացի ու անհնար է, որ վրացին ու ցանկացած ուկրաինացին չաջակցի ողջ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքին ու աջակցի անջատողականությունը: Յուրաքնչյուր քաղաքացի՝ անկախ նրանից, թե ինչ էթնիկ պատկանելիության է, եթե աջակցում է անջատողականությանը, դեմ է Վրաստանին: Այդ պատճառով, երբ մենք ճանաչում ենք տարածքային ամբողջականության սկզբունքը, ինչպես հայտարարել է նաև Ուկրաինան ու ես ինքս էլ նախկինում, մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ևս: Ով սա սրում է, սովորական խաղաղության ու Վրաստանին դեմ մարդ է»,-ասում է Սաակաշվիլին տեսաուղերձում:

Նշենք՝ նախօրեին Վրաստանի երրորդ նախագահը գրառում էր արել, ըստ որի թույլ չի տա, որ Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներին նեղացնեն, բայց դեմ է անջատողանականությանը: