ՆԱՏՕ-ի դուռը բաց է Վրաստանի առջև. Դեգնան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի խոսքով, Վիլնյուսի գագաթնաժողովից շատ հստակ ուղերձ է հղվել, որ Վրաստանի և Ուկրաինայի առջև ՆԱՏՕ-ի դուռը բաց է։

Դեսպանն ասել է՝ դաշնակիցները ցանկանում են, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Ըստ նրա՝ Վրաստանը պետք է անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնի դաշինքին միանալու համար։

«Այն քայլերը, որոնք պետք է անի Վրաստանը` պարզ են: Անհրաժեշտ բարեփոխումները Վրաստանի ձեռքում են: Սրանք, ըստ էության՝ նույն բարեփոխումներն են, որոնք պահանջվում են ԵՄ անդամակցության համար:

Բարեփոխումները վերաբերում են դատական ​​համակարգի, ժողովրդավարական ինստիտուտների բարելավմանը, որպեսզի Վրաստանն ունենա և՛ ռազմական հնարավորություններ, և՛ քաղաքական ժողովրդավարական կայունություն ՆԱՏՕ-ի սեղանի շուրջը նստելու համար»,- պարզաբանել է դեսպանը։

Նրա խոսքով, դաշնակիցները` հատկապես ԱՄՆ-ը, աջակցում են Վրաստանին այդ բարեփոխումների իրականացման հարցում։ ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովի ուշադրության կիզակետում է եղել Ուկրաինայում շարունակվող պատերազմը։