ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վրաստանից․ Գոթեմյոլեր

ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վրաստանից: Այս մասին Թբիլիսիում Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Դոնդուայի հետ համատեղ ասուիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերը։

Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Վրաստանի փոխարտգործնախարարի հետ հանդիպումը անվանելով փայլուն, Գոթեմյոլերն ընդգծել է, որ Վրաստանը պետք է շարունակի սկսած բարեփոխումները:

«Ինձ համար մեծ պատիվ է կրկին վերադառնալ Թբիլիսի: ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններն այսօր լավագույն դիրքերում են: Հուլիսյան գագաթնաժողովում անդամ երկրների առաջնորդները հաստատեցին, որ Վրաստանը դառնալու է դաշինքի անդամ: Դուք հասել եք բարեփոխումների, տնտեսական զարգացման, ավելի շատ անվտանգության, պաշտպանական հաստատությունների և զինված ուժերի արդիականացման զգալի արդյունքների»,-ասել է Գոթեմյոլերը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մամլո ասուլիսում կարևորել է նաև Վրաստանի հետ ռազմածովային համագործակցությունը: