Նախագահի համաներման հարցով գլխավոր դատախազությունը քննություն է սկսել

Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից սպանության համար դատապարտված անձանց համաներման փաստերի վերաբերյալ:

Դատախազության տեղեկատվությամբ, հետաքննությունը սկսվել է համաներման գործընթացում ծառայողական լիազորությունների հնարավոր չարաշահման դեպքի առնչությամբ:

«Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել դատապարտյալներ Ռամազ Դևաձեի, Ասլան Բեժանիձեի, Զուրաբ Նադիրաձեի և այլոց ներում շնորհելու գործընթացում լիազորությունների հնարավոր չարաշահման վերաբերյալ, ինչպես նախատեսված է ՔՕ 332-րդ 1-ին հոդվածով», — ասվում է դատախազության հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 28-ին նշվող «Մարիամոբա» տոնի առթիվ համաներում է շնորհել 34 դատապարտյալի, որոնց թվում էր 12 տարվա ազատազրկման դատապարտված Ռամազ Դևաձեն: Նա իր պատիժն էր կրում Բաթումիում՝ 22 ամյա ոստիկանին սպանելու համար: Սա մեծ աղմուկ է բարձրացրել երկրում և բողոքի ցույցերի պատճառ դարձել։ Օրեր անց հայտնի դարձավ, որ համաներում ստացած անձանց թվում են նաև անչափահասի սպանության համար դատված Զուրաբ Նադիրաձեն և հետախուզման մեջ գտնվող մեկ անձ: