Նախագահի պաշտոնանկության հարցը մտավ ՍԴ

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, միջնորդություն է ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ)` նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցով։ Տեղեկությունը RadioTavisupleba-ին հայտնել են ՍԴ-ի մամուլի ծառայությունից:

Ըստ ՍԴ-ի՝ այժմ ներկայացված դիմումը կարձանագրվի, այնուհետև կսկսվեն իրավական ընթացակարգերը։

Ի դեպ, սեպտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգի հանձնաժողովը հաստատել է ստորագրությունների իսկությունը, ինչը անհրաժեշտ նախադրյալ է եղել փաստաթուղթը դատարան ուղարկելու համար։  Զուրաբիշվիլիի դեմ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը ստորագրել է խորհրդարանական մեծամասնության 80 պատգամավոր։ 

«Վրացական երազանքը» սկսել է նախագահի պաշտոնանկության ընթացակարգը, քանի որ, ըստ իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի, Զուրաբիշվիլին «կոպտորեն խախտել է» Վրաստանի սահմանադրությունը և առանց կառավարության համաձայնության մի շարք այցեր է կատարել արտասահմանյան երկրներ։

Սահմանադրական դատարան ներկայացնելու համար անհրաժեշտ է առնվազն 50 պատգամավորի համաձայնությունը։ Սահմանադրական դատարանը մեկամսյա ժամկետում պետք է իր եզրակացությունը ներկայացնի խորհրդարան, իսկ դրանից հետո խորհրդարանը պետք է քաղաքական վճիռ կայացնի ու որոշի քվեարկության դնել նախագահի պաշտոնանկության հարցը։

Այս գործընթացին զուգահեռ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է հանդիպումները եվրոպական մայրաքաղաքներում։

Նախագահի պաշտոնանկության համար անհրաժեշտ է խորհրդարանի 100 պատգամավորի համաձայնությունը: Վրաստանի 150 հոգանոց խորհրդարանն այսօրվա դրությամբ ունի 140 ակտիվ պատգամավոր։ Խորհրդարանական մեծամասնության կազմում ընդգրկված է ավելի քան 80 պատգամավոր, իսկ խորհրդարանական ընդդիմության կազմում՝ 56։