Նիկարագուայի ԱԳ նախարարն Աբխազիայում է

Նիկարագուայի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Դենիս Մոնկադա Կոլինդրեսը Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում է:

Ըստ տեղեկությունների՝ Կոլինդրեսն այցելել է Վրաստանից չվերահսկվող շրջան՝ մասնակցելու «Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ստեղծման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը»։

Նիստը բացել է Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան։ Նա նշել է՝ «մեկուսացման, տնտեսական և քաղաքական շրջափակման, Վրաստանի կողմից նոր պատերազմի մշտական ​​սպառնալիքի պայմաններում Աբխազիայի ԱԳՆ-ն ստիպված է եղել կատարել շատ բարդ արտաքին քաղաքական աշխատանք»:

ՌԴ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին շնորհավորական ուղերձ է հղել. «Վստահ եմ մեր երկրների միջև ապագայում երկկողմ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման մեջ՝ հանուն Ռուսաստանի և Աբխազիայի ժողովուրդների բարեկամության ու բարօրության, տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության համար»:

Ի դեպ, Ռուսաստանի օրինակով Նիկարագուան 2008 թվականին ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի «անկախությունը»: