Համավարակն ու երեխաների իրավունքները․ 12 ամյա անչափահասի պատմությունը

Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակը հատուկ զեկույց է պատրաստել՝ գնահատելով Covid-19 համավարակի ազդեցությունը երեխաների իրավունքների վրա։ Փաստաթուղթը ներկայացնում է կոնկրետ փաստեր և օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե որքան դժվար է եղել պաշտպանել բռնության զոհ դարձած երեխաներին, երբ հանրային ծառայությունները հեռակա կարգով էին աշխատում կամ գործում էին որոշակի սահմանափակումներով:

«Մարզերից մեկում 12-ամյա երեխայի հարկադիր ամուսնության մասին է հաղորդվում։ Դեպքի վայր հասնելուն պես ոստիկաններին դիմավորել է մոտ 70 հոգանոց խնջույք։ Իրավապահներին սկզբում ասել են, որ երեխայի ծննդյան օրն են նշում, սակայն իրականում պարզվել է, որ դա 12-ամյա անչափահասի նշանադրության արարողությունն է (ըստ ՆԳՆ-ի՝ խմբակային հավաքներն այս ընթացքում արգելված են եղել)։ Ժամը 16-17-ի սահմաններում անչափահասը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։ Մի քանի ժամ սպասել են հոգեբանին ու սոցիալական աշխատողին, ժամը 23-ի սահմաններում որոշում է կայացվել երեխային ընտանիքից հեռացնել ու անվտանգ վայր տեղափոխել։ 

Անչափահասին տեղավորելուց առաջ անհրաժեշտ է եղել կորոնավիրուսի թեստ հանձնել, ինչը, սակայն 21։00-ից սկսված պարետային ժամի հետևանքով չի հաջողվել իրականացնել, ուստի  անչափահասը մարզից բերվել է Թբիլիսի՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու համար», — սա Հանրային պաշտպանի գրասենյակում Ներքին գործերի նախարարության ներկայացուցչի պատմածն է՝ ցույց տալու համար, թե որքան բարդ է եղել համավարակի վաղ փուլերում բռնության ենթարկված երեխային պաշտպանելը։

Նշենք, որ 2020-2021 թվականներին (հունվար-ապրիլ) բռնության կամ բռնի ամուսնության վերաբերյալ հետաքննություն սկսելու տեմպը ավելի բարձր է, քան 2019 թվականին՝ նախքան համավարակը։