Նման արձագանքը սպասելի էր․ Իվանիշվիլիի փաստաբանը քննադատել է օրինագիծը

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի փաստաբան Վիկտոր Կիփիանին քննադատել է  «Գործակալների մասին» օրինագիծը։

Կիփիանիի հետ հարցազրույցը «Ռադիո Իմեդի»-ով հեռարձակվել է մարտի 10-ին, երբ իշխող կուսակցությունն արդեն մերժել էր օրինագիծը։ Նա ասել է, որ այդ օրինագիծը քննադատության է ենթարկվել թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, եւ նման արձագանքը սպասելի էր։

Վիկտոր Կիփիանին նաև նշել է, որ այդ օրենքի նախագծի քննարկումից առաջ չի ուսումնասիրվել, թե ինչ օգուտ կբերի օրենքը կամ ինչ հավանական վնաս կհասցնի երկրին։

«Եթե խոսքը թափանցիկության աստիճանի բարձրացման մասին է, ապա դրան կարելի էր հասնել գործող օրենսդրության լրացուցիչ մեխանիզմների միջոցով, ասենք՝ որոշակի լրացումներով, որոշակի փոփոխություններով։

Հիմա` այս իրավիճակում, առանձին օրինագիծ մշակելիս պետք է հատկապես հաշվի առնել այն, որ մեր գործընկերներից բազմիցս զգուշացումներ ենք ստացել, որ դա կվնասի դեպի Եվրոպա կոչվող գործընթացին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը տապալվեց մարտի 10-ի խորհրդարանական նիստում։

«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ էր ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:

Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան էր բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։