Վրաստանն ու Չինաստանը կստեղծեն առևտրի խթանման համատեղ աշխատանքային խումբ

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարի տեղակալ Լինգ Ջիին։

Էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ զրույցը վերաբերել է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններին, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համապարփակ ռազմավարական գործընկերությանը, որը Վրաստան-Չինաստան համագործակցությունը բարձրացրել է նոր մակարդակի։

«Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են ձևավորել երկկողմ առևտրի խթանման համատեղ աշխատանքային խումբ, որը կսահմանի առաջնահերթ ոլորտները։ Դրան համապատասխան կպլանավորվեն առևտրային առաքելություններ, որոնք կնպաստեն չինական շուկայում արտահանվող վրացական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը և վրացի արտադրողների մասնակցությանը տարբեր ցուցահանդեսների։ Համատեղ խումբը նաև կնախաձեռնի Չինաստանից առևտրային առաքելությունների այցերը Վրաստան և տեղում ձեռնարկությունների ծանոթացումը։

Հանդիպմանը զրույց է ընթացել նաև Անակլիայի խորջրյա նավահանգստի կարևորության մասին՝ Միջին միջանցքի համատեքստում։

Չինաստանի առևտրի նախարարի տեղակալ Լինգ Ջին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիին հաջորդ տարվա առաջին կեսին Վրաստան-Չինաստան առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստ անցկացնելու նպատակով հրավիրել է Չինաստան։

Հանդիպմանը նշվել է, որ 2026 թվականի 7 ամսում առևտրաշրջանառությունն աճել է 44%-ով, իսկ տեղական արտահանումը՝ 185%-ով։ Այս տվյալներով՝ Չինաստանը Վրաստանի առևտրային գործընկերների շարքում զբաղեցնում է 3-րդ, իսկ արտահանող երկրների շարքում՝ 2-րդ տեղը, ինչը պայմանավորված է վերջին շրջանում դեպի Չինաստան վրացական արտահանման արագ աճով։ Կողմերը քննարկել են նաև համագործակցության խորացման հարցը էլեկտրոնային առևտրի ուղղությամբ։

Կողմերը դրական են գնահատել Վրաստան-Չինաստան առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի գործունեությունը, որը նշանակալի ավանդ ունի երկկողմ համագործակցության խորացման գործում այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ առևտուրն ու ներդրումները, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, տուրիզմը և այլ ոլորտներ։

Հանդիպմանը ներկա են եղել էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Գենադի Արվելաձեն և Իրակլի Նադարեիշվիլին, նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Վրաստանի դեսպան Պաատա Կալանդաձեն»,- նշված է հաղորդագրության մեջ։