Նոր խորհրդարանի առաջին նիստն ու բոյկոտող ընդդիմությունը. Ի՞նչ իրավիճակ է Վրաստանում

Վաղը՝ դեկտեմբերի 11-ին, տեղի կունենա Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: 10-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը մեծ կարևորություն չէր ստանա, եթե ընտրություններից հետո քաղաքական ուժերը ճանաչեին դրանց արդյունքները:

Հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, սակայն,  ընտրական շեմը հաղթահարել է 9 կուսակցություն, որոնցից միայն իշխող «Վրացական երազանքն» է ճանաչում ընտրությունների արդյունքները, իսկ բոլոր 8 ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են մտնել խորհրդարան:

Վրաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը վերացնելու նպատակով իշխանությունն ու ընդդիմությունը Վրաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպանների միջնորդությամբ 4 անգամ հանդիպել են և քննարկել հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների շուրջ ունեցած տարաձայնությունները:

Ընդդիմությունն ունի 4 պահանջ.

  • արտահերթ ընտրություններ,
  • քաղբանտարկյալների ազատ արձակում,
  • ընտրական համակարգի բարեփոխում,
  • ընտրական հանձնաժողովի փոփոխություն։

Ինչ վերաբերում է իշխանությանը, «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ իշխանությունը պատրաստ է իրականացնել ընտրական բարեփոխում, նաև պատրաստ է նշանակել արտահերթ ընտրություններ եթե նոր խորհրդարանում ձևավորվի հետաքննչական հանձնաժողով, որը կհաստատի, որ ընտրությունների արդյունքները գոնե 1 տոկոսով կեղծվել են իշխող կուսակցության օգտին:

ԱՄՆ-ի դեսպանատանը տեղի ունեցած 4-րդ հանդիպումից հետո ակնկալվում էր նաև 5-րդ հանդիպում, սակայն այսօր հայտնի դարձավ, որ այն չի կայանալու: Այսպիսով վերջնական համաձայնություն Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև այս պահին գոյություն չունի և վաղը, հավանաբար, խորհրդարանի առաջին նիստին կմասնակցի միայն «Վրացական երազանքը»:

Ընդդիմադիր առաջնորդներից Գիգի Ուգուլավայի խոսքով՝ վաղը նորընտիր ընդդիմադիր պատգամավորները պաշտոնապես դիմում են ներկայացնելու իրենց իրավասությունը դադարեցնելու և ընտրական ցուցակները զրոյացնելու պահանջով: