Օսական կողմը համագործակցության հարցեր է քննարկում ՌԴ պատվիրակության հետ

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում է: Նա հանդիպել է Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևի հետ և քննարկել «տնտեսական համագործակցության» հարցեր։

Ինչպես հայտնի է, օկուպացված շրջաններում Կրեմլի գլխավոր հավատարմատարը Վոլվաչն է. նա է տնտեսական և սոցիալական հարցերի շուրջ բանակցություններ վարում չճանաչված հանրապետությունների ղեկավարների հետ։ Բացի այդ, Վոլվաչը վերահսկում է Ռուսաստանի բյուջեից օկուպացված շրջաններ փոխանցվող միջոցները։

Ռուսական պատվիրակության կազմում են սոցիալական ծրագրերի և նախագծերի վարչության փոխտնօրեն Անտոն Մելնիկը, հատուկ նախագծերի իրականացման վարչության փոխտնօրեն Պյոտր Վորոնցովը, մաքսային համագործակցության վարչության պետի տեղակալ Սերգեյ Կուրյակովը։ Նրանք հանդիպումներ են անցկացրել դե ֆակտո հանրապետության կառավարության տնտեսական թիմի հետ։

Ի դեպ, 2023 թվականին Ռուսաստանի Դաշնության ֆինանսական օգնությունը Հարավային Օսիային կկազմի 5 միլիարդ 892 հազար ռուբլի, ինչը գրեթե մեկ միլիարդով պակաս է նախորդ տարվա ֆինանսավորումից։ Հարավային Օսիան արդեն ծախսել է ռուսական ֆինանսավորման 20 տոկոսը։

Հատկանշական է նաև, որ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների ֆոնին Վոլվաչն էր, որ անցյալ տարեվերջին հայտարարեց, որ կկրճատի օկուպացված շրջանների ֆինանսավորումը, և որ տեղական իշխանությունները պետք է մտածեն գրավիչ ներդրումային և բիզնես միջավայր ստեղծելու մասին։