Օզուրգեթիում գերժամանակակից բանտ է կառուցվել

Վրաստանի Գուրիայի մարզի Օզուրգեթիի մունիցիպալիտետի Լաիթուրի գյուղում գերժամանակակից քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) է կառուցվել, հայտնում է արդարադատության նախարարությունը։

Հաստատությունը նախատեսված է 700 դատապարտյալի համար, որոնց հսկելու է 250 աշխատող։

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն մասնակցել է հիմնարկի բացման արարողությանը: Ըստ նրա՝ բանտում բացի խցերից ներառված են սպորտային ենթակառուցվածքներ, հանգստի գոտի, ժամանակակից բժշկական բլոկ, թվային համալսարանի ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարան, որտեղից դատապարտյալները կկարողանան առցանց հաճախել դասախոսությունների և անմիջականորեն շփվել դասախոսների հետ, և նույնիսկ՝ Արդարադատության տան փոքր մասնաճյուղ:

Ի դեպ, Վրաստանում ընդհանուր առմամբ կա 13 ՔԿՀ և գաղութ։