Պանկիսիի բախումներից տուժածները շարունակում են բուժումը

Պանկիսիի կիրճում ապրիլի 21-ին տեղի ունեցած բախումների ընթացքում տուժած 16 քաղաքացի դեռևս բուժում է ստանում Թելավիի հիվանդանոցում:

Տուժածների թվում է 15 ոստիկան և մեկ բնակիչ: Նրանց տրամադրվում է համապատասխան բուժօգնություն: Ըստ բժիշկ Մայա Մրեյաշվիլիի, հիվանդների առողջական վիճակը կայուն է:

Նշվում է, որ հիվանդները հիմնականում ունեն ուղեղի փակ և մարմնական թեթև վնասվածքներ:

Հիշեցնենք՝ երեկ առավոտյան Պանկիսիի մոտ 50 բնակիչ՝ ի նշան բողոքի փորձել է խոչընդոտել Ալազան գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցումը: Սրան ի պատասխան Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հատուկ ջոկատայիններ է մոբիլիզացրել տարածքում, որից հետո տեղի է ունեցել բախում՝ բնակիչների և հատուկ ջոկատայինների միջև: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ է կիրառել, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ են վիրավորվել: Իրենց հերթին քաղաքացիները քարեր են նետել, ինչի հետևանքով տասնյակ ոստիկաններ ու հատուկ ջոկատայիններ են տուժել

Ավելին այստեղ՝ Բախումներ Պանկիսիում