Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպաններին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի և ԵՄ դեսպան Պավել Հերչինսկիի հետ, հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանն ամփոփվել է 2022 թվականի խորհրդարանի գործունեությունը, քննարկվել է գարնանային նստաշրջանի օրակարգը և անդրադարձ է եղել Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Խորհրդարանի նախագահի և Եվրամիության դեսպանի հանդիպման ընթացքում քննարկվել են այն 12 պայմանները, որոնք պետք է կատարվեն Վրաստանին Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տալու համար։

«Կողմերը քննարկել են ԵՄ հանձնարարականներով և ասոցացման համաձայնագրով ամրագրված հարցերի կատարման ընթացքը, այդ կապակցությամբ խորհրդարանի 2023 թվականի գարնանային նստաշրջանի պլանները և Եվրամիության ակնկալիքները, խոսվել է նաև 2023 թվականին Եվրամիության ծրագրած գործընթացի գնահատման մասին»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը հանձնարարական է տվել Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալ, իսկ Վրաստանին` միայն եվրոպական հեռանկար։

Այս հանձնարարականի հիման վրա 2022 թվականի հունիսի 24-ին Եվրոպական խորհուրդը վերջնական որոշում կայացրեց Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ շնորհել, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։ Դրանից բացի, Եվրախորհուրդը հայտարարել է, որ Վրաստանին նույնպես, Եվրահանձնաժողովի սահմանած 12 հանձնարարականների կատարումից հետո, կտրվի թեկնածուի կարգավիճակ։