1000 գործողությունից ավելի կասեցվել կամ չեղարկվել է պատժամիջոցների խախտման վտանգի պատճառով. Խուցիշվիլի

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով` ոչ մի պատճառ չկա, որ որևէ մեկը կասկածի Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների առնչությամբ Վրաստանի կողմից իրականացվող միջոցառումների հարցում։

Նախարարը նշել է, որ Վրաստանը շատ սերտ համագործակցում է թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ-ի հետ, և մշտապես տեղեկատվություն է փոխանակվում։

«Երբ մեղադրանք է առաջադրվում, բացի խոսքերից` պետք է գոնե ինչ-որ ձևով ապացույցներ ներկայացվեն։ Չկան այնպիսի ապացույցներ, որ մենք կարողանանք գնահատել և, բնականաբար, չեն կարող լինել, քանի որ դրանք բնության մեջ չկան»,- ասել է ֆինանսների նախարարը։

Նրա խոսքով, նույնիսկ վիճակագրություն կա, ըստ որի՝ պատժամիջոցների խախտման ռիսկի պատճառով 2022 թվականի փետրվարի 24-ից հետո (Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծած պատերազմից հետո — խմբ.) մաքսային ծառայողները կասեցրել և չեղարկել են ավելի քան 1 000 գործողություն։

Ֆինանսների նախարարի խոսքով, պատժամիջոցային ապրանքների ցանկը բավականին երկար է, և հեշտ չէ դրա կիրառումը. որոշ ապրանքների առումով խնդիրն առնչվում է ժամկետներին: Նրա տեղեկություններով՝ Վրաստանն ունի պատժամիջոցների կիրարկման ոլորտում երկու հավաստագրված փորձագետ, որոնք հատուկ ծրագիր են ավարտել ԱՄՆ-ում։

Հարցը, որ միջազգային պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանը կարող է օգտագործել Վրաստանը որպես արտաքին աշխարհի հետ առևտրի տարանցիկ ճանապարհ, ակտիվացավ այն բանից հետո, երբ հունվարի 13-ին ամերիկյան The New York Times պարբերականը հրապարակեց այս թեմայով հոդվածը։

Ավելի ուշ CNN-ի թղթակից Քրիստիան Ամանփուրը հարցազրույցում նշել էր, որ, ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանին հաջողվում է շրջանցել իր նկատմամբ կիրառված պատժամիջոցները՝ հատկապես Վրաստանի միջոցով։ Դրա մասին նա հարցրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ CNN-ի լրագրողը Եվրահանձնաժողովի նախագահին հարցրել է Վրաստանի տարածքով Ռուսաստան պատժամիջոցների ենթարկված ապրանքների ներմուծման մասին՝ կեղծ տեղեկությունների հիման վրա։ Կոբախիձեն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է, որ սա ցույց է տալիս, թե «որքան մասշտաբային է համակարգումը, որն ուղղված է Վրաստանի ազգային շահերի դեմ»։

Ի դեպ, Ուկրաինայում պատերազմի սանձազերծման պատճառով Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց: ԱՄՆ-ը և աշխարհի բազմաթիվ այլ երկրներ ևս պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բազմիցս ասել է, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին: