Պարզաբանում են խորհրդարանում Զելենսկիի ելույթը չկազմակերպելը

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավանություն չի տվել ընդդիմության նախաձեռնությանը՝ հրավիրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ ելույթ ունենալու Վրաստանի խորհրդարանում։

Այս առաջարկն արել են «Լելո» կուսակցության ներկայացուցիչները։ Դրանից հետո «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի ազգային ոստիկանության նախկին ղեկավար Խատիա Դեկանոիձեն ասել է, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմը հաստատել է Զելենսկիի՝ Վրաստանի խորհրդարանին դիմելու ցանկությունը։

Իշխող կուսակցության խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն ասել է, որ Վրաստանի խորհրդարանի առջև Զելենսկիի ելույթի կազմակերպումը «Ազգային շարժման» և Խատիա Դեկանոիձեի իրավասության շրջանակներում չէ։

«Նման հարցերը լուծվում են իշխանության ներկայացուցիչների բանակցությունների միջոցով։ Իսկ նման բանակցությունները հրապարակային չեն լինում, դրանք ընթանում են փակ ձևաչափով։ Այդ հարցը, եթե անհրաժեշտ լինի, նախաձեռնելու են Վրաստանն ու նրա կառավարությունը, կամ Ուկրաինան ու նրա կառավարությունը»,- հավելել է նա։

Մդինարաձեն ընդգծել է, որ հենց ընդդիմությունն է «համոզել» Կիևին, թե Վրաստանի կառավարությունը չի աջակցում Ուկրաինային, ինչից հետո Ուկրաինայի դեսպանին հետ կանչեցին Թբիլիսիից։

Վերջին օրերին Զելենսկին տեսակապով ելույթ է ունեցել մի շարք երկրների խորհրդարաններում։