40 օր առանց Ժորա Սնխչյանի

Մարտի 16-ին լրացավ վիրահայ բանաստեղծ, «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանի մահվան քառասունքը: Այս մասին հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը:

Այդ օրը Ժորա Սնխչյանի հիշատակին Վիրահայոց թեմի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում արժ. Տեր Կիրակոս քհն. Սիմոնյանի և դպիր Օթար Գիգաուրիի կողմից կատարվեց հոգեհանգստյան պաշտոն, որին ներկա էին թբիլիսահայ մտավորականներ, հանգուցյալի ընկերները, ճանաչողները: Ներկաները մոմեր վառեցին և աղոթք բարձրացրին արժանավոր հայորդի, պետական, հասարակական գործիչ, շնորհաշատ բանաստեղծ Ժորա Սնխչյանի հոգու խաղաղության համար: Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, թեմակալ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությամբ և Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամներ Արտեմ Գրիգորենցի նախաձեռնությամբ ու Ռոզա Զոհրաբյանի համակարգմամբ կազմակերպվեց Ժորա Սնխչյանի հիշատակի միջոցառում: