Պետք է ակնկալենք ԱՄՆ-ի ավելի մեծ ներգրավվածություն. արտգործնախարար

«Հերթական անգամ ընդգծվեց, որ տարածաշրջանում Վրաստանն ԱՄՆ-ի համար ամենամոտ դաշնակիցը, ամենահուսալի գործընկերն ու հենարանն է», — այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին` ԱՄՆ պետքարտուղարի հետ Վրաստանի կառավարության շենքում հանդիպումից հետո:

Նրա խոսքով՝ քննարկվել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների բոլոր ուղղությունները:

Շեշտը դրվել է նաև տարածաշրջանում գոյություն ունեցող իրավիճակի վրա.

«Էական, մանրամասն խոսակցություն ենք ունեցել անվտանգության այն լուրջ մարտահրավերների մասին, որ ծառացած են մեր առջև: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը քննարկման ամենակարևոր թեմաներից մեկն էր, համաձայն ենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ, որ առանց ԱՄՆ-ի Վրաստանը շատ կդժվարանա հաղթահարել այս մարտահրավերները: Մեր ռազմավարական գործընկերը լիարժեք պատրաստակամություն է հայտնել, որ այն ռազմավարական հարաբերությունները, որ այնպես էլ բարձր մակարդակի վրա են, էլ ավելի զարգանան, նոր մակարդակի անցնեն: Ժամանակային ու բովանդակային տեսանկյունից շատ կարևոր հանդիպում էր ու ելնելով այս ամենից, կարող ենք ասել, որ ապագայում պետք է ակնկալենք Ամերիկայի էլ ավելի մեծ ներգրավվածություն` շեշտը դնելով տարածաշրջանի, Վրաստանի վրա»,- ասել է Զալկալիանին: