Փորձի փոխանակման նպատակով Վրաստան են ժամանել ուկրաինացի բժիշկներ

Ընդդիմադիր «Լելոն Վրաստանի համար» կուսակցության հրավերով Վրաստան են ժամանել  3 ուկրաինացի բժիշկներ։ Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանի առաջատար կլինիկաներում նրանք իրենց մասնագիտական փորձն են ներկայացնելու։

Այսօր ժամանած բժիշկները Ուկրաինայի դեսպանատանը հանդիպել են Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովի հետ։

Կասյանովի խոսքով, փորձի փոխանակումն անհրաժեշտ է օգնություն ցուցաբերելու համար, Ուկրաինայի առաջնագծում պատերազմի հետևանքով տուժած մարդկանց։

«Ապրիլին վրացի բժիշկների խումբը` բժիշկ Վախթանգ Սուրգուլաձեի գլխավորությամբ, ժամանեց Ուկրաինա, իսկ այսօր ես կցանկանայի ձեզ ներկայացնել Ուկրաինայի մեր բժիշկներին, որոնք Վրաստանում են «Լելոյի» աջակցությամբ՝ իրենց փորձը ներկայացնելու և հասկանալու նպատակով, թե ինչպես է գործում առողջապահական համակարգը Վրաստանում։ Հուսով եմ, այս համագործակցությունը կշարունակվի», — ասել է Կասյանովը։