«Փրկեք Միշային». Եվրախորհրդարանի պատգամավորներ

Եվրախորհրդարանի պատգամավոր Անա Ֆոտիգան Twitter-ում տեղեկություն և լուսանկար է հրապարակել, որում տարբեր կուսակցությունների եվրոպացի պատգամավորները համերաշխութուն են հայտնում Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընտանիքին:

«Միխեիլ Սաակաշվիլիի բանտում հնարավոր մահը միայն օգուտ կտա Պուտինին և վնասակար կլինի ողջ երկրի ու Վրաստանի եվրատլանտյան նկրտումների համար»,- գրել է Ֆոտիգան։

Լուսանկարում երևում է, որ եվրապատգամավորները «Փրկեք Միշային» կոչով պաստառներ են բռնել:

Ի դեպ, Սաակաշվիլիի ընտանիքի անդամները, նրա փաստաբանը և Եվրախորհրդարանի պատգամավորները դեկտեմբերի 12-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի շենքում ճեպազրույց են անցկացրել։

Սաակաշվիլիի ավագ որդին՝ Էդուարդ Սաակաշվիլին, հայտնել է, որ ընտանիքը վախենում է` Սաակաշվիլիի հետ «սարսափելի բան» պատահի, և դրանից խուսափելու համար, ըստ նրա՝ լուծումը Սաակաշվիլիի բուժումն արտերկրում շարունակելն է:

Հարկ է նշել նաև, որ Եվրախորհրդարանում քննարկվում է Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի կատարման մասին զեկույցը։ Եվրախորհրդարանի բանաձևի նախագիծը, որը քվեարկության կդրվի դեկտեմբերի 14-ին, կոչ է անում հումանիտար նպատակով ազատ արձակել Սաակաշվիլիին։

Նշենք նաև, որ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտը «Ամերիկայի ձայն»-ին մեկնաբանություն է տվել։ Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ​​գերատեսչությունը շատ ուշադիր հետևում է Վրաստանի նախկին նախագահի նկատմամբ վերաբերմունքին։ Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Սաակաշվիլիի առողջության պաշտպանությունը Վրաստանի իշխանությունների պարտականությունն է։

Հիշեցնենք. Սաակաշվիլիի փաստաբանների միջնորդության հիման վրա դատարանը պետք է քննարկի նախկին նախագահի պատժաչափի հետաձգման կամ նրա լիակատար ազատման հարցը։ Փաստաբաններին ուղղված միջնորդության հիմքում ընկած են անցկացված փորձաքննությունների եզրակացությունները, ըստ որոնց` Սաակաշվիլիի առողջական վիճակը ծանր է գնահատվում։ Կասկածներ կան նաև, որ երրորդ նախագահը թունավորված է։

Սաակաշվիլին 2022 թվականի մայիսի 12-ից գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում` բժիշկների հսկողության տակ։ Իշխանությունները պնդում են, որ պետությունն ամեն ինչ անում է նրա առողջության համար, սակայն Սաակաշվիլին դժվարությամբ է ենթարկվում բուժման պահանջներին։