Պրիվոլնոյե-Աղքյորփի ճանապարհի վերանորոգումն ընթացքի մեջ է

Հ-34, Մ3-Ստեփանավան-Պրիվոլնոյե-հայ-վրացական սահման 13 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

«Ճանապարհն անցնում է Ուռուտ-Սվերդլով-Պրիվոլնոյե բնակավայրերով։
Ճանապարհի հիմնանորոգումն այս տարածաշրջանի բնակիչների ամենակարևոր խնդիրներից էր։ Այն բնակավայրերի համար տնտեսական զարգացման խթան կդառնա, կբարելավի բնակիչների բարեկեցությունը։
Կապալառու կազմակերպությունը հիմնանորոգման շրջանակում կատարում է հողային աշխատանքներ, պատվածքի վերաօգտագործում սառը եղանակով, կամուրջների նորոգում, կողնակների հարթեցում և լրացում, մայթերի, եզրաքարերի, անվտանգության տարրերի իրականացում։ Կտեղադրի նաև ասֆալտբետոնե ծածկ‚ կկատարի գծանշում։
Հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 1 միլիարդ 134 միլիոն 600 հազար ՀՀ դրամ»,- նշված է հայտարարության մեջ: