Վրաստանին հաջողվել է պահպանել տնտեսական կայունությունը. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Համաշխարհային կառավարության գագաթնաժողովում ասել է, որ իրենց կառավարությունը (նկատի ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը) ունի ուժեղ Վրաստանի տեսլականը, որը հավատարիմ է ազատ շուկայական տնտեսության և ժողովրդավարական ինստիտուտների գաղափարին, և դա արտացոլվում է կառավարության բազմաչափ մոտեցման մեջ, որն էլ ապահովում է կայունություն և կանխատեսելիություն վրաց ժողովրդի համար:

Ղարիբաշվիլին նշել է, որ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին և համաշխարհային տնտեսական անկմանը, Վրաստանին հաջողվել է պահպանել տնտեսական կայունությունը։

«Այս տարվա գագաթնաժողովի թեման ապագա կառավարությունների ձևավորումն է և հատկապես արդիական է տեխնոլոգիական, սոցիալական և տնտեսական առաջընթացի նոր ազգի ակնկալիքով:

Այսօրվա հավաքն ինձ հնարավորություն է տալիս խոսելու ձեր առջև՝ ավելի լավ ապագայի ստեղծման համար։ Մեր կառավարությունը բազմաբնույթ ջանքեր է գործադրել ազգային մակարդակով հանրային ակտիվներում ներդրումներն ավելացնելու նպատակով: Կառավարության ուժեղ տնտեսական քաղաքականության, ինչպես նաև տրանսպորտի ու նյութատեխնիկական ապահովման, ֆինանսական ծառայությունների, շինարարության, էներգետիկայի և ծառայությունների, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտներում տնտեսական ակտիվության բարձրացման շնորհիվ 2022 թվականին շարունակվեց բարձր տնտեսական աճի միտումը»,- նշել է Ղարիբաշվիլին:

Ըստ վարչապետի՝ «Արժույթի միջազգային հիմնադրամի» կանխատեսման համաձայն, 2023-2027 թվականներին Վրաստանը կունենա ամենաբարձր աճը տարածաշրջանի և Եվրոպայի երկրներից,որը կկազմի տարեկան միջինը 5 տոկոս:

Ի դեպ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։