Ռեկտորից հրապարակային ներողություն են պահանջում՝ ուսանողուհուն հեռացնելու համար

Վրաստանի ազգային համալսարանի ուսանողները բուհի շենքի մոտ ցույց են անցկացրել՝ ռեկտոր Գիա Կավթելիշվիլիից պահանջելով հրապարակային ներողություն խնդրել:

Ցույցի մասնակիցների խոսքով՝ ռեկտորը սոցցանցերում նվաստացրել է ուսանողներին, նման պահվածքը մշտական ​​բնույթ է կրել:

«Պահանջում ենք հանդիպում ռեկտորի հետ՝ մեր պնդումները հայտնելու և Վրաստանի ազգային համալսարանում տեղի ունեցող անարդարության մասին մեր ձայնը բարձրացնելու համար»,- ասել է ուսանող Դավիթ Չխոբաձեն։

Ուսանողների խոսքով՝ նշված հարցի վերաբերյալ իրենք արդեն նամակ են ուղարկել հանրային պաշտպանին, այժմ օմբուդսմենից ակնկալում են անհապաղ արձագանք։ Բացի այդ, նրանք պահանջում են գործընթացին ներգրավել տարբեր հասարակական կազմակերպությունների.

«Այս երկրում ուսանողների նկատմամբ ճնշումներին պետք է վերջ տալ»,- ասել է Չխոբաձեն։

Ցույցի մասնակիցների խոսքով, իրենք նախատեսում են հանրահավաք անցկացնել կրթության նախարարության դիմաց։

Նշենք, որ օրեր առաջ «Բաթումելեբի» հրատարակությունը գրել էր, որ Վրաստանի ազգային համալսարանի ուսանողներից Թամար Լոմիձեին համալսարանից հեռացրել են ֆեյսբուքյան գրառման պատճառով։ Լոմիձե նպատմել է, որ դրան նախորդել է ռեկտորի հետ սոցիալական ցանցի մեկնաբանություններում եղած վեճը։