Ռուբլով վաճառք և ռուսալեզու անդորրագիր՝ Բաթումիում

Հունիսի 13-ին սոցիալական ցանցերում տարածվեց Բաթումիում արված ռուսալեզու անդորրագրի և ապրանքի գինը ռուսական ռուբլով մակագրմամբ լուսանկարներ:

Ըստ batumelebi-ի՝ լուսանկարներից մեկը հաճախորդն արել է «Մակշաուրմա» սննդի կետում և նշել, որ ինքնուրույն պատվիրելու համար տեղադրված մոնիտորները այցելուների սպասարկումն առաջարկում են ռուսերենով, որից հետո ռուսերեն անդորրագիր են տրամադրում, ինչն առաջացրել է քաղաքացիների զայրույթը։

Տեղեկության համաձայն՝ երկրորդ լուսանկարն արվել է Բաթումիի «Էլ Սի Վայկիկի» հագուստի խանութում։ Լուսանկարում երևում է, որ ամառային գլխարկներից մեկի արժեքը նշված է ռուսերեն՝ ռուբլով։

Նշենք, որ վերոնշյալ սննդի օբյեկտում Ուկրաինայում ռուսական լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո մի քանի ամսվա ընթացքում տեղադրվել է Слава України («Փառք Ուկրաինային») մակագրությունը։ Հետագայում այն անհետացել է, որից հետո սննդի կետում վրացերենի և անգլերենի հետ ավելացել է ռուսերենը։