Ռումինիան 300 հազար դոլար կհատկացնի Վրաստանին պաշտպանունակության ամրապնդման համար

ՆԱՏՕ-ի պաշտպանական կարողությունների զարգացման նախաձեռնության (Defence Capacity Building Initiative-DCB) շրջանակներում Ռումինիան ընդհանուր առմամբ 1,4 մլն դոլար կհատկացնի Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային և Հորդանանին, գրում է «Европейская правда»-ն՝ հղում կատարելով juridice.ro-ին:

Տեղեկության համաձայն, Ռումինիան 600 հազար դոլար կհատկացնի հավատարմագրային հիմնադրամին՝ Մոլդովայի պաշտպանունակության ամրապնդման համար, 400 հազար դոլար՝ Ուկրաինային ՆԱՏՕ-Ուկրաինա համալիր փաթեթի շրջանակներում, 300 հազար դոլար՝ Վրաստանին, 100 հազար դոլար՝ Հորդանանին։ Խոսքը չօգտագործված գումարի մասին է, որը չփոխանցելի միջոցների տեսքով Ռումինիային է մնացել՝ Աֆղանստանի ազգային բանակին աջակցելու նպատակով ստեղծված ՆԱՏՕ-ի կամավոր հիմնադրամում։

«Այս որոշումը համահունչ է Ռումինիայի արտաքին քաղաքականության և անվտանգության շահերին՝ արևելյան թևի ամրապնդման ուղղությամբ, հատկապես Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի եվրաատլանտյան նկրտումների առումով», — նշված է Ռումինիայի կառավարության որոշման մեջ: